Բիզնես հաշտարարի երկու գրասենյակ է բացել

Այսօր՝ նոյեմբերի 16-ին,  Գավառ քաղաքում բացվեց բիզնես հաշտարարի գրասենյակ՝ «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի շրջանակներում:

Նշենք, որ «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականցվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:

Բիզնես հաշտարարի գրասենյակը տեղակայված է «Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման հասարակական կազմակերպության գրասենյակում:

Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արամ Թարվերդյանը,  մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, ներկայացուցիչներ քաղաքապետարանից, «Ազդեցության գործարար ակումբի» ղեկավար Գևորգ Պողոսյանը,  ՓՄՁ համագործակցության  ասոցիացիայի գործադիր տնօրեն Տիգրան Գասպարյանը, մարզում գործող ՓՄՁ ներկայացուցիչներ:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ  «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի» (ՀՍՁԱ) նախագահ Սաթիկ Բադեյանը, որը ներկայացրեց «Հայկական բիզնես կոալիցիայի» կողմից իրականացվող ծրագիրը, նրա նպատակները, ծրագրի շրջանակներում իրականացվող հիմնական միջոցառումները, մասնավորապես՝ Բիզնես հաշտարարի գրասենյակների բացումը:

Նա նշեց, որ այդ օրը նույն ժամին գրասենյակի բացման արարողություն է ընթանում նաև Գյումրիի «Շիրակի առևտրաարդյունաբերական պալատում»:

Գևորգ Պողոսյանը բավական մանրամասն ներկայացրեց գրասենյակների ստեղծման նպատակները, այն է՝ աջակցել բիզնեսին, վեր հանել  փոքր և միջին ձեռնարկատիրությունների խնդիրները, փորձարկել դեռևս չընդունված օրենքի նախագիծը, անհրաժեշտության դեպքում նոր մեխանիզմներ ներդնել: Նա նշեց, որ սրանք փորձնական գրասենյակներ են, իրավական ուժ չունեն, բայց նրանք կարող են մեծ դեր խաղալ ՓՄՁ ոլորտի շահերը պաշտպանելու և հետագայում արդեն իրավական կարգավիճակ կարող են ստանալ:

 Մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը ողջունելով գաղափարը, նշեց, որ մարզում իրոք առկա են խնդիրներ և անհրաժեշտության դեպքում բիզնեսի ներկայացուցիչներին ինքն անձամբ կուղղորդի այս գրասենյակ:

Այնուհետև սկսվեց հարցուպատասխանի փուլը, որի ընթացքում ՓՄՁ ներկայացուցիչները փորձեցին ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել