Ապացույցներ չեն կարող լինել, որ Ռոբերտ Քոչարյանը արյունարբու է, «հակահեղափոխության արյունոտ սիմվոլը». փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 16-ին, կայացավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով դատական քննությունը:

Դատական գործը քննվում է դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ:

Պատասխանող կողմը՝  «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն, դատական նիստին ներկա չէր:

Հիշեցնենք, որ դատարան ներկայացված հայցադիմումում հայցվորը նշել է, որ 1in.am լրավական կայքում և «Ժամանակ» օրաթերթում, որոնք պատկանում են «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին, հունիսի 7-ին հրապարակվել են հոդվածներ, որոնցում տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:

Հայցադիմումի հիմքում ընկած հոդվածները ներկայացված են ստորև.

  1. «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել»
  2. «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին»,
  3. «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան»,
  4. «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները»։

Հայցի փաստական և իրավական հիմքերն այսօր դատարանում ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Անի Ալավերդյանը: Նա դատարանում նշեց, որ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով նյութում նշվել է, թե Ռոբերտ Քոչարյանը հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար հատուկ միջոցներ: Նույն հոդվածում նշվել է նաև, որ Գրիգորյանը տեղեկացրել է, թե ինքն իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը և այն կարող է ներկայացնել, որպես իր ասածների հիմնավորում:

«Հարգելի դատատարան, դա ոչ թե Գրիգոր Գրիգորյանի խոսքերն են եղել, այլ վերլուծական հոդվածի մեջ է գրված եղել: Դա Գրիգոր Գրիգորյանի արտահայտած միտքը չի եղել, դա եղել է 1in.am-ի վերլուծական հոդվածի մի մասը: Նրա հետ որևէ հարցազրույց չի եղել»,-նշեց Անի Ալավերդյանը:

Նշենք նաև, որ «Ժամանակ» օրաթերթը նշված նյութի վերաբերյալ հերքում հրապարակել է, իսկ 1in.am-ը՝ ոչ:

Հրապարակման մեջ կա նաև մի այսպիսի նախադասություն, որ  ՀՔԾ-ն, բավական լուրջ հիմքեր ունի հարցաքննության կանչելու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Նշենք, որ նյութի հրապարակման ժամանակ քրեական գործ հարուցված չի եղել և, բնականաբար, լրատվական կայքը, հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը,   նմանատիպ տեղեկություն ճշգրտելու և այն հրապարակելու հնարավորություն չուներ: Քրեական գործը հաուցվել է մոտ 1 ամիս ավելի ուշ»,- նշեց հայցվորի ներկայացուցիչը:

Հայցադիմումի մեջ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչները ներառել են նաև «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», նյութից հատվածներ, որոնք, ըստ նրանց, զրպարտանք և վիրավորանք են պարունակում.

  • …Երկրորդ նախագահին թվում է` նախկինի պես կարող է լռեցնել լրատվամիջոցներին` իր արյունոտ գործունեության հետքերը մաքրելու նպատակով:
  • …բոլորը փաստարկված մտածում են, որ հենց նա է 2008-ի մարտի 1-ին տվել Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու հրաման:
  • …Ռոբերտ Քոչարյանն է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ներքին շահառուն, որովհետև միայն Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի դիակների վրայով է կարողացել իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը և քրեաօլիգարխիայի թալանի միջոցով դարձել է միլիարդատեր` դոլարային արտահայտությամբ: Ի դեպ, խորհրդանշական է, որ 90-ականների սկզբին Արցախում Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը նույնպես ձևավորվել է արյան վրա…
  • …Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասնամյակը լի է սպանություններով, ահաբեկչությամբ, թալանով:

Անի Ալավերդյանը դատարանում ներկայացրեց իրենց համար խնդրահարույց հատվածները նաև «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան» վերնագրով նյութից, որը հրապարակվել էր այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը 1in.am-ի դեմ դատական հայց էր ներկայացրել դատարան՝ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով հրապարակման համար.

  • …նա քրեաօլիգարխիայի բեկորներին, սեգմենտներին հասկացնում է, որ հենց ինքն է նրանց կոնսոլիդացիայի կենտրոնը, որովհետև շարունակում է դիմադրել, պատերազմ հայտարարել ազատ խոսքին, լրատվամիջոցին:
  • …Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ոչ միայն ու ոչ այնքան «Առաջին լրատվական»-ին, որքան` հեղափոխությանը, դրա արժեքներին, այն իրականացնող հասարակությանը: Ռոբերտ Քոչարյանը վերածվում է հակահեղափոխության արյունոտ սիմվոլի` դառնալով ռևանշի ծարավ տարբեր մակարդակի ու կալիբրի հանցագործների մագնիսը:
  • …Ռոբերտ Քոչարյանի արյունոտ նախագահության բոլոր էջերն` աղմկոտ սպանություններով, կոռուպցիոն և մարդակուլ համակարգով:

«Մենք նշել ենք հենց այն հոդվածները, որտեղ Ռոբերտ Քոչարյանի անունն է նշված»,- նշեց Անի Ալավերդյանը և անցավ վերջին հրապարակմանը:

  • …Առնվազն տարակուսելի է այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը թաքնվել է «Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայք» ցուցանակի տակ, ինչը խոսուն հանգամանք է և ցույց է տալիս, որ երկրորդ նախագահը չի հարգում անգամ իր իրավաքաղաքական կարգավիճակը:
  • …պատմության մեջ Ռոբերտ Քոչարյանը բացասական իմաստով առանձնահատուկ է, որովհետև նա է դրել քրեաօլիգարխիկ հրեշավոր, կոռումպացված համակարգի, ռուսական վասալության հիմքերը՝ Մոսկվայի հայտնի շրջանակների օգնությամբ կազմակերպելով Հոկտեմբերի 27-ի արյունոտ ոճրագործությունը:
  • …բացահայտում է Քոչարյանի արժեքային համակարգը, նաև՝ անցած քսանամյակի համակարգի հրեշավոր էությունը. Քոչարյանի և Սարգսյանի համար իշխանությունը եղել է թալանի, անձնական հարստացման գործիք, և եթե անգամ նրանք ունեցել են հակասություններ, ապա միայն՝ փայերի շուրջ:

Հայցվոր կողմը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն  համարվող փաստացի տվյալները՝ ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, պարտավորեցնել զրպարտողին զրպարտության դիմաց Ռոբերտ Քոչարյանին վճարել հատուցում՝ 2 միլիոն դրամի չափով:

«Նյութի իսկությունը հերքող հոդվածը պետք է հրապարկվի նույն ժամին, ինչ տվյալ նյութը: Մենք նաև հաշտության համաձայնագրի մեջ նշել ենք օրենքով սահմանված հետևյալ պայմանները.  պետք է հոդվածը հրապարակվի, այսինքն՝ նույն կայքի միջոցով, և նաև պետք է նշի, որ այդ ամբողջ տեղեկատվությունը, որը հրապարակվել էր այդ օրը, այդ ժամին, այդ հոդվածի ներքո,  իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Անի Ալավերդյանը:

Նա նշեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանին արյուանարբու, «հակահեղափոխության արյունոտ սիմվոլ»,  «քրեաօլիգարխիկ հրեշավոր, կոռումպացված համակարգի» հիմնադիր անվանելով պատասխանող կողմը վիրավորել է 2-րդ նախագահին. «Սա կարծում եմ՝ անգամ ապացուցման ենթակա չէ, որովհետև սա ուղղակի հասցված վիրավորանք է»:

Հայցվոր կողմը ներկայացրեց նաև գործով ապացույցները, այն է՝ նշված հրապարակումների պատճեները:

Նշենք, որ այսօր նախանական դատական նիստին բաշխվեց նաև կողմերի ապացուցման բեռը: Դատավոր Սարգիս Երիցյանը հայտարարեց, թե քանի որ պատասխանող կողմը բացակա է, նա չգիտի, թե ինչ բեռ է կրում և առաջարկեց հնարավորություն տալ պատասխանող կողմին ապացույցներ ներկայացնել:

«Առաջարկում եմ պատասխանողին տրամադրել ողջամիտ ժամկետ՝ ապացույցների ներկայացման համար: Այստեղ գնանք բացառության ճանապարհով, 2 շաբաթ ժամանակ տրամադրել պատասխանողին»,- դատավորի առաջարկությանը հայցվոր կողմը չառարկեց, հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 7-ին:

Եվգենյա Համբարձումյան

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել