Այս նորմը գործնականում կիրառվում է գռեհիկ լեգիզիմով ներծծված և ֆետիշացված՝ տառացի մեկնաբանման կանոնի հիման վրա․ Արթուր Ղամբարյան

Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը գրում է.

«Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ … ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա (ՀՀ քր. դատ. օր-ի 172-րդ հոդվածի 3.2. մաս): Ցավոք այս նորմը գործնականում նույնպես կիրառվում է գռեհիկ լեգիզիմով ներծծված և ֆետիշացված՝ տառացի մեկնաբանման կանոնի հիման վրա:

Ապահովագրական տեղեկությունների գաղտնիության ապահովման իրավունքի կրողն այն ֆիզիկական և իրավաբանական անձն է, ում վերաբերյալ ապահովագրական կազմակերպությունը տիրապետում է համապատասխան գաղտնի տվյալները։ Քրեադատավարական տեսանկյունից ապահովագրական գաղտնիքի պաշտպանության երաշխիքի (իրավունքի) կրողն ապահովագրական կազմակերպության հաճախորդ – ֆիզիկական անձն է, ով քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ կամ մեղադրյալ։ Ուստի` տվյալ անձի վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները հնարավոր է ձեռք բերել և որպես ապացույց օգտագործել միայն դատական երաշխիքի կիրառմամբ։

Ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ ձեռք բերելու համար օրենքով նախատեսված դատական երաշխիքը կոչված է պաշտպանելու ոչ թե ապահովագրական կազմակերպությանը կամ նրա ներկայացուցիչներին, այլ քրեական հետապնդման ենթակա ֆիզիկական անձանց, ում վերաբերյալ կազմակերպությունը տիրապետում է ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների (ապահովագրական կազմակերպության հաճախորդիn)։
Ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու վերաբերյալ դատական երաշխիքի և մեղադրյալի կարգավիճակ ունենալու մասին դատավարական նորմերը կիրառելի չեն (դատական որոշում պետք չէ), եթե այդ տվյալները պետք է օգտագործվեն բացառապես ապահովագրական կազմակերպության ներկայացուցիչների արարքներին գնահատական տալու նպատակով, քանի որ այս դեպքում բացակայում է այն սուբյեկտը (իրավունքի կրողը), ում պաշտպանության համար նախատեսված է դատական երաշխիքը։ Այլ կերպ ասած` ապահովագրական կազմակերպության ներկայացուցիչների վերաբերյալ քննվող քրեական գործերով այդ անձինք ապահովագրական տեղեկությունների գաղտնիության ապահովման իրավունքի սուբյեկտ չեն, ուստի պաշտպանված չեն նաև դատական երաշխիքով։

Եթե ապահովագրական կազմակերպության ներկայացուցիչների արարքներին գնահատական տալու նպատակով, առանց դատական երաշխիքի, ձեռք են բերվել գաղտնիք կազմող տեղեկություններ, ապա ապահովագրական կազմակերպության հաճախորդը պաշտպանված է հետևյալ երաշխիքներով `

1. Այդ տեղեկությունները որևէ պարագայում չեն կարող օգտագործվել համապատասխան ֆիզիկական անձի (ապահովագրական կազմակերպության հաճախորդի) դեմ։

2. Այդ տեղեկությունները կարող են օգտագործել բացառապես տվյալ կոնկրետ գործի նպատակներից ելնելով։

3. Այդ տեղեկությունները քրեական գործով կարելի է ուսումնասիրել գաղտնիության սահմանափակ ռեժիմի պահպանման (հասարակության այլ անդամների համար ոչ մատչելիության) պայմաններում։ Օրինակ` դռնփակ դատական նիստ, նախաքննության գաղտնիք և այլն:

4. Այդ տեղեկություններն ապօրինի հրապարակելու համար ՀՀ քր. օր-ի 199-րդ հոդվածով նախատեսված է քրեական պատասխանատվություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել