Կառավարությունը կսահմանի իր մշտական բնակության վայրից դուրս արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգն ու չափը

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, կառավարությունը որոշում կընդունի իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգն ու չափը։

Հարցը կներկայացնի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու նպատակը դատավորի բնականոն գործունեության երաշխավորումն է և դատավորի գործունեության սոցիալական  երաշխիքների ապահովումը:

Նախագծով սահմանվում են․

  1. դատավորի՝ իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս հատուցման ենթակա ծախսերը,
  2. դատավորի՝ իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս  գործուղման վայրում բնակարանի վարձին համարժեք հատուցում տրամադրելու, ինչպես նաև անձնական գույքը գործուղման վայր փոխադրելու և գործուղման ավարտից հետո դատավորի մշտական բնակության վայր վերադարձնելու հետ կապված ծախսերը հատուցելու կարգը,
  3. դատավորի՝ արտագնա նիստ անցկացնելիս ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման առավելագույն չափերը,
  4. դատավորի՝ արտագնա նիստ անցկացնելիս ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման կարգը:

Այսպիսով․

  • Դատավորին հատուցման ենթակա բեռնափոխադրման ծախսերի առավելագույն չափ է համարվում մինչև 100 կիլոմետր հեռավորության դեպքում՝ 20 000 դրամը, իսկ 100 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչև 50 կիլոմետրի համար՝ 5 000 դրամը:
  • Հատուցման ենթակա ճանապարհածախսի առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը:
  • Դատավորին հատուցման ենթակա գիշերավարձի առավելագույն չափ է համարվում Երևան քաղաքում՝ 25 000 դրամը, իսկ մարզերում՝ 20 000 դրամը:
  • Դատավորին հատուցման ենթակա օրապահիկի չափ է համարվում 3000 դրամը։

Նշենք, որ այս չափերը չեն ներառում վճարման ենթակա հարկերը:

Դատավորին բեռնափոխադրման ծախսերի, ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցումն ապահովում է Դատական դեպարտամենտը՝ դատավորի կողմից դիմումը, իսկ սույն հավելվածով նախատեսված դեպքերում նաև կից փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Հավելենք, որ նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել