Հիմնադրվեց «Քաղաքացու որոշում» կուսակցությունը

Այսօր պաշտոնապես հիմնադրվեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Կուսակցության հիմնադիր համագումարին ներկա էր 106 պատվիրակ։ Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր կուսակցություն հիմնելուն, ինչին միաձայն բոլորը կողմ քվեարկեցին:

Պատվիրակները միաձայն կողմ քվեարկեցին նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի ընդունմանը:

Ավելի ուշ քվեարկություն անցկացվեց և պատվիրակներն ընտրեցին կուսակցության քարտուղարին, գործադիր մարմնի և վերահսկիչ հանձնաժողովի անդամներներին:

Կուսակցության քարտուղար ընտրվեց Սուրեն Սահակյանը: Նա մեզ հետ խոսեց, թե ինչու են հիմնել այս կուսակցությունը. «Կուսակցություն ստեղծելը, կուսակցության անդամ դառնալը քաղաքական կյանքին մասնակցելու միակ ճանապարհն է՝ ըստ Սահմանադրության»:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, պատասխանեց, որ այս ժողովից հետո երկրորդ քայլը լինելու է կուսակցությունը գրանցելը, որից հետո քննարկում կլինի կուսակցության անդամների հետ. «Իմ կարծիքով, կուսակցության գրանցվելու դեպքում անպայման կմասնակցենք ԱԺ ընտրություններին»,- ասաց նա:

Կուսակցության պատվիրակ և գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ներկայացրեց կուսակցության ծրագիրը, որում կարևոր տեղ էր հատկացված մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական ոլորտի բարեփոխումներին՝ նաև անցումային արդարադատության իրականացման միջոցով.

«Դատական համակարգից վեթթինգի մեխանիզմի միջոցով պետք է հեռանան այն դատավորները, որոնք համակարգված ապօրինությունների մեջ ակտիվ ներգրավվածություն են ունեցել»,- ասաց նա:

Նորաստեղծ կուսակցության ծրագրում կարևորվել է նաև հակակոռուպցիոն պայքարը. «Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է ունենալ կենտրոնացված ունիվերսալ հակակոռուպցիոն ապարատ, որը կիրականացնի հակակոռուպցիոն ռազմավարության քայլերը»,- ասաց Միքայել Նահապետյանը:

Կուսակցության պատվիրակ և վերահսկիչ հանձնաժողովի անդամ Ներես Աղաբաբյանը նշեց, որ այս կուսակցությունը, թեև օրենքի պահանջով, ունի քարտուղար, սակայն այստեղ բոլոր անդամները հավասարապես ձայնի իրավունք ունեն և 1 անձի շուրջ չեն հավաքված, այլ գաղափարի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել