Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ Օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը:
Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ է նշանակվում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված անդամներին` անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) պատճառից, անցած ժամանակաշրջանից և ծառայության տևողությունից:
Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև`
1. զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որի մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.
2. ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների վրա:
Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ է նշանակվում նաև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի ընտանիքի անդամներին:
Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել