ՀՔԾ-ն նախագիծ է ներկայացրել՝ ծառայության աշխատակիցներին բնակելի տարածությամբ ապահովելու կամ դրամական փոխհատուցում ստանալու վերաբերյալ

Հատուկ քննչական ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողներն իրենց՝ օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելիս չեն օգտվում այնպիսի սոցիալական երաշխիքներից, ինչպիսիք են իրենց մշտական բնակության վայրից դուրս ծառայության նշանակվելու կամ գործուղման դեպքերում բնակելի տարածությամբ ապահովման, իսկ նման հնարավորության բացակայության պարագայում դրամական միջոցների տեսքով օժանդակություն ստանալու իրավունքը:

Իրավական ակտի հիմնավորման մեջ նշվում է, որ նախևառաջ, հարկ է նշել, որ առաջարկվող լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Հատուկ քննչական ծառայության նստավայրը Երևան քաղաքն է»:

Այսինքն՝ Ծառայության միակ նստավայրը տեղակայված է մայրաքաղաքում, մինչդեռ Ծառայության որոշ ծառայողների մշտական բնակության վայրն այլ է: Ուստի, վերջիններս, պայմանավորված ծառայողական անհրաժեշտությամբ, սեփական միջոցների հաշվին՝ վարձակալական հիմունքներով բնակվում են Երևան քաղաքում՝ զրկված լինելով բնակարանային ապահովում կամ դրամական փոխհատուցում ստանալու սոցիալական երաշխիքներից:

Ստեղծված իրավիճակի կարգավորման նպատակով և Ծառայության ծառայողների կողմից իրենց աշխատանքային պարտականություններն իրականացնելիս ծագող դրամական բնույթի խոչընդոտների առաջացումը կանխելու, իսկ արդեն իսկ առկա խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նպատակահարմար է, ի թիվս Օրենքի 28-րդ հոդվածում սահմանված սոցիալական երաշխիքների, ամրագրել նաև մշտական բնակության այլ վայր ունեցող ծառայողների՝ բնակելի տարածությամբ ապահովելու, իսկ դրա անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում ստանալու իրավունք-երաշխիքը:

Համեմատության համար ՀՔԾ-ն նշել է, որ համանման սոցիալական երաշխիքներ սահմանված են ՀՀ դատախազների, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար:

Վերը մեջբերված օրենքներում համապատասխան դրույթների առկայությունը վկայում է նաև Ծառայության ծառայողների համար այդ սոցիալական երաշխիքների՝ օրենսդրական մակարդակով ամրագրելու անհրաժեշտության մասին՝ ելնելով այն հանգամանքից, որ սույն հարցի նորմատիվ կարգավորումը դրականորեն կծառայի իր նպատակին՝ Ծառայության ծառայողների համար ստեղծելով իրենց ծառայողական պարտականություններն անխոչընդոտ կատարելու հնարավորություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել