Դատավորները կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման, եթե անձին ապօրինի ազատազրկման դատապարտեն. Արփինե Հովհաննիսյանը նոր օրինագիծ է ներկայացրել

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը օրենքի նոր նախագիծ է ներկայացրել, որով քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը կշարադրվի նոր խմբագրությմաբ:

Արփինե Հովհաննիսյանի առաջարկած փոփոխության համաձայն՝ անձի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելը

1. Քննիչի կամ դատախազի կողմից անձին որպես մեղադրյալ ներգրավելը կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելը, եթե տվյալ պահին ակնհայտորեն բացակայում է այդ անձի կողմից համապատասխան հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, ակնհայտորեն առկա է մեղսագրվող արարքի հանցավորությունը բացառող հանգամանք կամ այդ անձը  ակնհայտորեն ենթակա չէ պատասխանատվության մեղսագրվող արարքի համար,

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը`

1) անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,

4) մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,

5) կատարվել է շահադիտական դրդումներով, կամ

6) հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի

պատժվում է ազատազրկմամբ` 6-10 տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

ԱԺ փոխնախագահը առաջարկել է նա օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությայամբ 336.1-ին հոդվածով.

Հոդված 3361 . Անձին ապօրինի ազատազրկման դատապարտելը

1. Դատավորի կողմից անձին ազատազրկման դատապարտելը, եթե ակնհայտորեն բացակայում է այդ անձի կողմից համապատասխան հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, ակնհայտորեն առկա է մեղսագրվող արարքի հանցավորությունը բացառող հանգամանք կամ այդ անձը  ակնհայտորեն ենթակա չէ պատասխանատվության մեղսագրվող արարքի համար,

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը`

1) անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտելով,

4) կատարվել է շահադիտական դրդումներով, կամ

5) հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի

պատժվում է ազատազրկմամբ` 6-10 տարի ժամկետով ՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»

Օրենսգրքի 348-րդ հոդվածը կշարադրվի հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 348.Ապօրինի ձերբակալելը, կալանավորելը կամ չազատելը

1. Ակնհայտ ապօրինի ձերբակալելը կամ ձերբակալված անձին ակնհայտ ապօրինի չազատելը՝

պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

2. Ակնհայտ ապօրինի կալանավորելը, կալանավորված անձին ակնհայտ ապօրինի չազատելը կամ կալանքի ժամկետը ակնհայտ ապօրինի երկարացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`

1) անզգուշությամբ հանգեցրել է անձի մահվան,

2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) կատարվել է շահադիտական դրդումներով, կամ

4) հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի

պատժվում են ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել