Կենդանին վիրավորվում ու դանդաղ տանջամահ լինելով է սատկում. պատգամվորը պաշտպանության նպատակով նոր նախագիծ է ներկայացրել

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առաջարկում է փոփոխություններ կատարել «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում, որը վերաբերում է կենդանիների քանակի կարգավորմանը:

Առաջարկվող փոփոխության համաձայն՝ կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումները վնաս չպետք է պատճառեն այլ տեսակներին և դրանց ապրելավայրին, ինչպես նաև չպետք է իրականացվեն դաժան, անմարդկային մեթոդներով, այդ թվում ոչնչացմամբ՝ զենքի կիրառումով:

Գործող օրենքի 19-րդ հոդվածը սահմնում է, որ կենդանական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում է`

ա) կենդանական տեսակների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, տեղափոխումը այլ ապրելավայր, կլիմայավարժեցումը և սելեկցիոն նպատակներով օգտագործումը.

բ) պարարտանյութերի և թունանյութերի չկանոնակարգված օգտագործումը.

գ) կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացվող ձևափոխված նոր կենդանի օրգանիզմների ինքնակամ օգտագործումը.

դ) կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը:

Պատգամավորը առաջարկում է այս շարքին դասել նաև զենքի կիրառմամբ ոչնչացումը:

Հիմնավորման մեջ Տիգրան Ուրիխանյանը նշում է, որ Հայաստանում կենդանիների պաշտպանությանն առնչվող օրենսդրությունը խոցելի և չկարգավորված ոլորտներից մեկն է:

Տարբեր ժամանակներում մշակվել և ներկայացվել են կենդանիների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագծեր, այդ թվում եւ 2016թ-ին նրա կողմից ներկայացվել էր  «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ընդ որում, այն ոչ թե փոփոխություն ու լրացում էր գործող նախագծին, այլ մայր օրենք` իր հիմնական հասկացություններով ու կարգավորումներով, բայց, ցավոք, դա նույնպես մնաց միայն թղթի վրա:

«Իսկ մեր իրականության մեջ ոլորտին վերաբերվող խնդիրները գնալով ոչ միայն չեն լուծվում, այլ՝ աճում են, ինչը  պահանջում է հրատապ լուծումներ: Բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման դեպքերը վերջին շրջանում տեղի են ունենում չափազանց դաժան, անմարդկային ձեւերով, հաճախակի անտանելի տեսարաններ առաջացնելով հասարակական վայրերում, շենքերի բակերում եւ այլ տարածքներում, որտեղ գտնվում են բազմաթիվ մարդիկ, այդ թվում մանկահասակ երեխաներ: Զենքով ոչնչացման բազմաթիվ դեպքեր են լինում, երբ կենդանին վիրավորվում ու դանդաղ տանջամահ լինելով է սատկում, ինչն արձանագրվել է մամուլով:

Գործող օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությանն է վերապահված կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործմանն առնչվող գրեթե բոլոր հարցերը, թվում է թե կան կարգավարումներ, որոնք թույլ կտան ավելի մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել կենդանիների հանդեպ, սակայն իրական կյանքում դրանք միշտ չէ, որ գործում են: Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում  եմ լրացումներ իրականացնել «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կենդանիների քանակի կարգավորման եւ կենդանական աշխարհի պաշտպանության հոդվածներում, օրենքով ամրագրելով կենդանիների նկատմամբ զենքի կիրառման եւ անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել