Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կարևոր հայտարարությունն արեց

Ինչպես այսօր կառավարության նիստին խոստացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քիչ առաջ նա  իր կարևոր հայտարարությունն արեց:

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Ինչպես և ասել էի, ես այսօր հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս հրաժարականի նպատակը սակայն վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու եւ ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու ճանապարհային քարտեզը հետևյալն է. իմ հրաժարականից հետո հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է կառավարության հրաժարականը, առաջիկա 14 օրերի ընթացքում երկու անգամ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրվում, ինչի բերումով Ազգային ժողովը արձակվում է և Հանրապետության նախագահի կողմից նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այս ողջ ընթացքում կառավարության անդամները շարունակելու են իրենց պարտականությունների կատարումը, ես շարունակելու եմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանադրական լիազորությունները, ասել է թե շարունակելու եմ լինել ժողովրդի հաղթանակի երաշխավորը ու եթե դեկտեմբերին կայանալիք ընտրություններում դուք վստահության քվե տաք մեր քաղաքական ուժին, ես կվերընտրվեմ ՀՀ վարչապետի պաշտոնում:

Իհարկե, շատերը մտավախություն ունեն և հարց են հնչեցնում. իսկ եթե խորհրդարանական ուժերը վարչապետի ուրիշ թեկնածու առաջադրեն, արդյո՞ք մենք պատրաստ ենք նման սցենարի:

Ես նույնիսկ չեմ ուզում ասել, թե հոկտեմբերի երկուսի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք առավել քան պատրաստ ենք ցանկացած սցենարի, որովհետև ժողովրդի կամքի ու ցանկության առաջ չի կարող կանգնել որեւէ ուժ:

Բայց հիմա չեմ ուզում որևէ նման սցենար քննարկել նույնիսկ, որովհետև ինչքան էլ հակասություններ, սուր բանավեճեր ունենանք խորհրդարանական մի շարք ուժերի հետ, չեմ կարող մտածել, թե նրանք ժողովրդի և Հայաստանի ազգային անվտանգության դեմ գործելու նպատակ ու մտադրություն ունեն:

Խորհրդարանական ուժերը ցույց են տվել, որ անկախ բոլոր հակասություններից ու տարընթերցումներից մեր պետությունը, նրա կայունությունն ու անվտանգությունը կարմիր գիծ են նաև իրենց համար, և հավատում եմ, որ նրանք երբեք այդ գծերը չեն անցնի: Մանավանդ որ թե ՀՀԿ, թե Ծառուկյան դաշինք, թե ՀՅԴ խմբակցությունները հրապարակային հայտարարել են, թե չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել կամ վարչապետ ընտրել:

Նաև ուզում եմ Ազգային ժողովի նախկին մեծամասնության ներկայացուցիչներին ասել, որ մենք այո քննադատել ենք և քննադատում ենք ձեզ, բայց սա չի նշանակում, թե Հայաստանում թշնամիներ ենք փնտրում, կամ պիտի փնտրենք:

Իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում ասել եմ, հիմա էլ ուզում եմ կրկնել. Հայաստանում, հայության շրջանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենա:
Եւ ուզում եմ քաղաքական բոլոր ուժերին հաջողություն մաղթել արտահերթ խորհրդարանական ընտրություններում և հաստատել, որ մեր կառավարությունը երաշխավորելու է ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությունը:

Սիրելի հայրենակիցներ,

Չնայած այս հրաժարականը ֆորմալ բնույթ է կրում, բայց պահը իրականում հուզիչ է, որովհետև սրանով մենք ամփոփում ենք մեր հեղափոխության հերթական փուլը և մտնում բոլորովին մի նոր ժամանակաշրջան:

Եւ հիմա, անդրադառնալով իմ վարչապետության անցած հինգ ամիսներին, ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր անսահման աջակցության և վստահության համար: Նաև ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից ում ինչ-որ բանով հիասթափեցրել եմ, ում արդարացի և օրինական հույսերը չեմ արդարացրել, ում ոգևորությունը որևէ կերպ ստվերել եմ:

Բայց, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ իմանաք միանշանակ և աներկբա. ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են և թևեր են տալիս ինձ և ուժ են տալիս ինձ՝ ձեր դիմաց կանգնելու և վստահաբար ասելու՝ ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու:
Պատրաստեք ձեզ նորանոր հաղթանակների և պատրաստվեք նոր ու հզոր, ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցմանը:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, համբուրում եմ բոլորիդ:

Եւ ուրեմն,
Կեցցե՛ Ազատությունը
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են ու վստահաբար ապրելու են Ազատ և երջանիկ Հայաստանում»,-ասվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել