Լևոն Երանոսյանը ընդամենը 1 նռնակ է գործադրել. պաշտպանը մանրամասներ է ներկայացնում

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ հարուցված գործի շրջանակներում տրված ցուցմունքներում նշել է, որ 1 նռնակ է նետել Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը:

«Բայց պարզ չէ, թե մարդիկ նետված որ նռնակիհետևանքով են վնասվածքներ ստացել: Մեղադրանքում նշվում է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ և 4-ն էլ նա է գործադրել: Մենք ապացույցներ ենք բերել, որ 4-ից շատ է եղել և 1-ն է ինքը գործադրել»,-նշել է նա:

Պաշտպանը նշում է սակայն, որ Լևոն Երանոսյանը տեղյակ չէ, թե ով է նետել մնացած նռնակները:

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ  առաջացրել են ծանր հետևանքներ:

Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում  և դրանով իսկ պայմանավորված` չունենալով հատուկ միջոցառումների իրականացման միջոց հանդիսացող «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15-ի սահմաններում,  Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով ցույցի մասնակիցներից ավելի քան 40 հոգի ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

 Բացի այդ, 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ, կիրառման համար թույլատրելի նույն չափանիշների խախտմամբ, Լևոն Երանոսյանը ցուցարարների նկատմամբ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով ցույցի մասնակիցներից ևս 6–ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Լևոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել