Քննարկվում են հրշեջ-փրկարարական նշանակության ուղղաթիռներ ձեռք բերելու ուղղությունները

Հոկտեմբերի 9-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց «Airbus» ընկերության Արևելյան Եվրոպայի հարցերով փոխնախագահ Ժակ Գարիգեին։ Ողջունելով եվրոպական ընկերության ներկայացուցչի այցը՝ նախարար Ցոլակյանը կարևորեց Հայաստանի նման բարձր լեռնային պայմաններ ունեցող երկրում ավիացիոն ուժերի ներգրավմամբ փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ «Մենք ունենք հստակ տրամադրվածություն՝ ձեռք բերելու հրշեջ-փրկարարական նշանակության ուղղաթիռներ: Շնորհակալ եմ հանդիպման համար: Ակնկալում եմ «Airbus» ընկերության առաջարկները համագործակցության ուղղությունների վերաբերյալ», – իր խոսքում նշեց նախարարը:

Հանդիպման ընթացքում ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանի կողմից ներկայացվեց օրեր առաջ ընկերության ուղղաթիռային մասնագետների այցի արդյունքում նախարարության հետաքրքվածության և ԱԻՆ գործառույթների համար անհրաժեշտ ուղղաթիռների ձեռքբերման հնարավորության խնդիրը։

Հանդիպման նպատակն էր նախնական համաձայնության գալ առաջարկվող ուղղաթիռների ձեռքբերման պայմանների և քայլերի հաջորդականության շուրջ։ 

Հաշվի առնելով, որ ԱԻՆ գործառույթների՝ որոնողա֊փրկարարական, հրդեհաշիջման և բժշկական անհապաղ առաջին օգնության նշանակությամբ առաջարկվող ուղղաթիռները արտադրված են Գերմանիայում՝ ընկերության փոխնախագահը նախանշեց այդ երկրի բանկերի հետ հնարավոր համագործակցության տարբերակներ երկարաժամկետ վարկային ֆինանսավորման պայմաններով։

Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն հետագա համագործակցության, տեղեկատվության փոխանակման, մասնագիտական խորհրդատվությունների և քննարկումների վերաբերյալ։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել