Ո՞ր դեպքերում կարող է կենսաթոշակը վերահաշվարկվել

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 38-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքերում է կենսաթոշակի վերահաշվարկ կատարվում:

Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

  1. փոխվել է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.
  2. տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
  3. կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
  4. հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը և այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

 Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`

  1. փոխվել է զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.
  2. կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով` հաշվի առնելով վերջին զինծառայությունից արձակվելու օրվա դրությամբ զինծառայողի զինվորական ծառայության ստաժը, զինծառայողի անձնական գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու օրվանից:

Կենսաթոշակը վերահաշվարկվում է նաև`

  1. հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
  2. կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև, եթե կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ (ոչ հավաստի) փաստաթուղթ, որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը, կամ կենսաթոշակի գործում հայտնաբերվել է լրացուցիչ փաստաթուղթ (տեղեկատվություն), որի արդյունքում ավելանում է կենսաթոշակի չափը: Այս դեպքում սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները հաշվարկվում են այն օրվանից, երբվանից կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթի հիման վրա հաշվարկվել (վերահաշվարկվել) է կենսաթոշակի չափը՝ հաշվի առնելով սույն օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասը: Պակաս վճարված կենսաթոշակի գումարը հաշվարկվում է այն օրվանից, երբվանից լրացուցիչ փաստաթուղթը (տեղեկատվությունը) ներկայացվել է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում (ներառվել է կենսաթոշակի գործում)՝ հաշվի առնելով սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել