Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն՝ մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն՝ մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելու համար, հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 29-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ երեխայի դի՝ բռնության հետքերով։

Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փոքրիկը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է իր բնակության վայրում՝ հոր կողմից հասցված հարվածների հետևանքով։

Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ 32-ամյա տղամարդը 2018 թվականի սեպտեմբերի 28-ին իրենց կացարանում բռնություն է գործադրել մանկահասակ որդու՝ ծնված 18.12.2017թ., նկատմամբ։ Մասնավորապես՝ ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել փոքրիկի դեմքի շրջանին, ապա, վերջինիս դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, նաև՝ մեջքին, գլխին և մարմնի տարբեր մասերին:

Նկատելով ամուսնու կողմից երեխայի նկատմամբ բռնության գործադրումը՝ մայրը, ձեռք բերված տվյալների համաձայն, փորձել է միջամտել, սակայն ընտանիքի հայրը բռնություն է գործադրել նաև նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածելով գլխին, ապա՝ նաև ապտակել։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 32-ամյա տղամարդուն այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, ոստիկանության աշխատակիցների հետ միասին ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել