Ի՞նչ է դիվանագիտական անձնագիրը, ո՞վ ունի այն կրելու իրավունք և ե՞րբ է համարվում անվավեր

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրվող` անձը հաստատող փաստաթուղթ է, որը հաստատում է, որ դրա կրողը դիվանագետ կամ, նույն օրենքով սահմանված և դիվանագիտական անձնագիր կրելու իրավունքն ունեցող անձ է:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր տրվում է՝

  1. Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին և նրանց ընտանիքների անդամներին.
  2. Հանրապետության պաշտոնաթող նախագահին.
  3. Ամենայն հայոց կաթողիկոսին.
  4. ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին.
  5. Կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ՀՀ Անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիների ղեկավարներին, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին.
  6. արտաքին գործերի նախարարությունում և դրան ենթակա մարմնում պաշտոն զբաղեցնող անձանց՝ ծառայողական գործուղումների նպատակով.
  7. օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագիտական ներկայացուցիչներին, դիվանագետներին, սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-6-րդ մասերում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին՝ ամուսնուն և մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող զավակներին, նրանց հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:

1-ին մասում չնշված անձանց դիվանագիտական անձնագիր տրվում է վարչապետի թույլտվությամբ:

Նույն օրենքի 50-րդ հոդվածի համաձայն․

  1. Դիվանագիտական անձնագրի վավերականության ժամկետը հինգ տարի է:
  2. Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագիրը հանձնում են ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
  3. Սույն օրենքի պահանջներին համապատասխան` ՀՀ արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է անվավեր:
  4. Դիվանագիտական անձնագիր տալու, հաշվառելու, հետ վերցնելու և անվավեր հայտարարելու կարգը սահմանում է ՀՀ արտաքին գործերի նախարարը:

Այսպիսով, արտաքին գործերի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տալու, հաշվառելու և հետ վերցնելու կարգը սահմանելու մասին հրամանի համաձայն․

Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը տասնօրյա ժամկետում անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով հանձնում են հյուպատոսական վարչություն` ի պահ:

Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի ծառայության ավարտից հետո նրա ընտանիքի անդամներն իրենց դիվանագիտական անձնագրերը տասնօրյա ժամկետում հանձնում են ի պահ հյուպատոսական վարչություն:

Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 20 աշխատանքային օր հետո հայտարարում է անվավեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել