Քրեական արդարադատության մարմինները մասնագիտացման անհրաժեշտություն ունեն. Արտակ Զեյնալյան

Այսօր Երևանում մեկնարկեց Հայաստանում երեխաների հանդեպ բռնության հարցին նվիրված բարձր մակարդակի առաջին նշանակալի երկօրյա միջոցառումն այն բանից հետո, երբ 2017թ. երկիրը միացավ «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերությանը:

Որպես ուղենշող երկիր, որը պարտավորվել է 3-5 տարիների ընթացքում գործնական քայլեր իրականացնել խնդրին վերջ դնելու համար, ներկայումս ՀՀ կառավարությունը մշակում է ճանապարհային քարտեզ, որը համաժողովի հիմնական թեման է: «Դարձնե՛նք տեսանելի անտեսանելին» նշանաբանով այս միջոցառման ուշադրության կենտրոնում է բռնությունը՝ որպես մանկության բացասական փորձառություն, ինչպես նաև՝ դրա կործանարար հետևանքները: Համաժողովն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի բռնության կանխմանը երկու տեսանկյունից՝ ընդհանուր կանխարգելում և կանխարգելում վաղ բացահայտման միջոցով: Անդրադարձ արվեց աղջիկների և տղաների հանդեպ բռնության վերացման տարբեր ռազմավարություններին՝ բռնության կանխման և արձագանքման համատեքստում:

«Բռնությունն ընտրություն է, և այն հնարավոր է կանխարգելել: Երեխաների հանդեպ բռնությունը հաճախ արդարացվում է որպես անհրաժեշտ կամ անխուսափելի երևույթ, սակայն այստեղ միայն մեկ կարծիք կա՝ երեխաների հանդեպ բռնությունը իրավունքի խախտում է, որը պահանջում է համապարփակ պատասխան»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար տկն Աֆշան Խանը՝ Հայաստան կատարած իր առաջին այցի շրջանակում: «Բռնության դեպքերի բացահայտման և լուծման համակարգի կարողությունների նշանակալի բացերը կարելի է հաջողությամբ լրացնել միմիայն երեխաների հանդեպ բռնության վաղ բացահայտմանը, կանխարգելմանն ու արձագանքին ուղղված միջճյուղային համագործակցությունն ու համակարգումն ամրապնդելու ճանապարհով»:

Հայաստանում երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ վերջին տվյալները ցույց են տալիս, որ 1-14 տարեկան երեխաների շրջանում ֆիզիկական կամ հոգեբանական բռնության ենթարկվել է 10 երեխայից 7-ը: Երեխաների 65%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության, իսկ 38%-ը՝ որևէ տեսակի մարմնական պատժի։ Մեկից երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որևէ բռնի մեթոդ:

Բռնությունը երեխաների ու դեռահասների՝ մեր հասարակության ամենախոցելի անդամների նկատմամբ կործանարար ազդեցություն ունի՝ նրանց մոտ առաջացնելով առողջական և սոցիալական մի շարք խնդիրներ։ Վաղ հասակում բռնության ենթարկվելը կարող է խաթարել ուղեղի զարգացումը և վնասել նյարդային համակարգը, ինչպես նաև՝ էնդոկրին, արյունատար, ոսկրամկանային, վերարտադրողական, շնչառական և իմունային համակարգերը, որոնց հետևանքները կարող են հարատևել բռնության ենթարկված երեխաների ողջ կյանքի ընթացքում:

Աղջիկների և տղաների հանդեպ բռնության անմիջական ու երկարաժամկետ հանրային առողջապահական հետևանքներն ու տնտեսական ծախսերը բացասաբար են անդրադառնում երկրի զարգացման վրա, արժեզրկում են ներդրումները կրթության, առողջապահության, երեխաների բարեկեցության ոլորտներում, խարխլում են ապագա սերունդների ներուժը:

Համաժողովը քայլ է՝ ամրապնդելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը ցանկացած բռնությունից յուրաքանչյուր երեխայի պաշտպանված լինելն ապահովելու գործում՝ Երեխայի իրավունքների կոնվենցիային և Կայուն զարգացման նպատակ 16.2-ին համապատասխան, որոնք անդրադառնում են երեխաների չարաշահման, շահագործման, թրաֆիքինգի և բռնության ու խոշտանգման բոլոր ձևերի վերացմանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել