Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին կառավարության որոշման նախագիծ է մշակվել

Ֆինանսների նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել՝ «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 562-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»։

ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 562-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի (այսուհետ՝ Հիմնարկ) կանոնադրության 7-րդ կետի համաձայն՝ Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին հանրապետական գործադիր մարմինների կողմից մշակված ծրագրերի, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին իրականացվելիք և ՀՀ ֆինանսների նախարարի կողմից սահմանված ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների կատարման ապահովումն է:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է հարկաբյուջետային՝ պետության եկամուտների ձևավորման և ծախսման, հանրային ֆինանսների կառավարման, այդ թվում՝ բյուջետային գործընթացի կազմակերպման, ներքին ֆինանսական հսկողության (ներառյալ` ներքին աուդիտի), գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման, ֆինանսաբյուջետային վերահսկողության, պետական պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության, խաղային գործի, ինչպես նաև ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովման, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման, համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման ոլորտներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Փաստորեն Հիմնարկին ներկայումս վերապահված են այնպիսի գործառույթներ, որոնք «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի ուժով պետք է իրականացվեն անմիջականորեն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել