Ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել օրենքով նախատեսված պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը և գույքը պաշտպանելու ուղղությամբ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձանժողով է ներկայացվում նոր նախագիծ, որով  լրացում է կատարվում «Ոստիկանության մասին» օրենքում:

Հիմնական զեկուցողը ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն է:

Փոփոխությամբ սահմանվում է, որ ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է միջոցներ ձեռնարկել օրենքով նախատեսված պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը եւ (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ:

Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

Հիմնավորման մեջ նշվում է, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ցանկի 103-րդ կետից և պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի կիրարկման, ինչպես նաեւ ոստիկանության կողմից օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության ենթակա անձանց եւ նրանց գույքի անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան կարգն ու պայմանները սահմանող իրավական ակտի մշակման համար օրենքով ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահելու անհրաժեշտությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխով կանոնակարգվում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը վերաբերող իրավահարաբերությունները, սահմանված են պաշտպանության միջոցների տեսակներն ու դրանց իրականացման ընդհանուր սկզբունքները, կիրառման հիմքերը, ինչպես նաեւ դադարեցման հիմքերն ու կարգը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` պաշտպանության միջոցների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Մինչդեռ քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության ինստիտուտի ներդրման օրվանից առ այսօր պաշտպանության միջոցների իրականացման կարգը եւ պայմանները որեւէ օրենսդրական ակտով չեն սահմանվել, եւ օրենքով ուղղակիորեն որեւէ մարմնի նման կարգ սահմանելու լիազորություն վերապահված չէ: Սահմանված չեն նաեւ այլ օրենքներով պաշտպանության ենթակա անձանց (օրինակ` դատավոր, դատախազ, քննիչ եւ այլն) պաշտպանության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել ոստիկանության կողմից կոնկրետ պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը, որի համար նախեւառաջ անհրաժեշտ է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով Կառավարությանը հստակ լիազորություն վերապահել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանական վարչության եւ շտաբի կողմից:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը եւ իրավական հիմք կստեղծի ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար, որի արդյունքում կապահովվի պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների եւ այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը եւ վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել