Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ Օրենքը սահմանում է Երևանի քաղաքապետի ընտրության անցկացման ձևը և քաղաքապետի լիազորությունների ժամկետը:

Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև քաղաքապետի ընտրությունը:

Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:

Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, իսկ եթե վերջինս հրաժարվում է կամ չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու և համապատասխանում է քաղաքապետին առաջադրվող պահանջներին:

Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:

Երկրորդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Քաղաքապետ ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել