Սա քաղաքական պահանջ չէ, սա ժողովրդական պահանջ է. ի՞նչ էին պահանջում արծվաշենցիները

Սեպտեմբերի 20-ին կառավարության դիմաց բողոքի ցույց անող արծվաշենցիները պահանջում էին իրենց համար կառավարության որոշումներով հատկացված փոխհատուցումը տրամադրել։

Ի՞նչ որոշումների մասին է խոսքը

Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք կառավարությունը 2009 թվականի հուլիսի 23-ին որոշել է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծել:

 Հանձնաժողովի գործառույթներն են եղել՝

1) բռնագաղթված անձանց` Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը, իսկ բռնի տեղահանված անձանց՝ Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսը ձեռք բերած ստաժը հաստատելուն վերաբերող գրավոր դիմում-հայտարարությունները քննարկելը, եթե նրանք ստաժը հիմնավորող փաստաթղթեր չունեն.

2) անձի գրավոր դիմում-հայտարարության հիման վրա ստաժ սահմանելը` նշելով անձի անունը, հայրանունը, ազգանունը, այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատել է, պաշտոնը, մասնագիտությունը և ժամանակահատվածը.

3) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, անհրաժեշտության դեպքում, անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթեր պահանջելը և ստանալը:

Հանձաժողովը 2 տարի շարունակ կատարել է վերոնշյալ գործառույթները: Հավաքագրված փաստաթղթերի և ապացույցների հիման վրա կառավարությունը 2011 թվականի դեկտեմբերի 22-ին որոշել է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց ընդհանուր առմամբ տրամադրել 6 միլիարդ դրամ, յուրաքանչյուր շահառուին որպես փոխհատուցում տրամադրելով 360 հազար դրամ միանվագ դրամական օժանդակություն:

Արծվաշենցիները սակայն պնդում են.

«Փոխհատուցման ընդամենը 10 տոկոսն է վճարվել 2011-ին, մեկ շնչին՝ 360 հազար, այն դեպքում, երբ մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ Արծվաշենցիները՝ որպես տեղահանվածներ, ծվարել են Ճամբարակում՝ խարխուլ տներում, որոնց մեծ մասը քանդման ենթակա է։ Սա քաղաքական պահանջ չէ, սա ժողովրդական պահանջ է` իշխանությունների ուշադրությունը իրենց խնդրին հրավիրելու համար»,- պարզաբանեց «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական միության նախագահ Մարտին Չիլինգարյանը։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արծվաշենցիներին:

Լուսանկարը՝ photolure-ի

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել