Պրոբացիայի ծառայողը դատական ակտով սահմանված կոնկրետ սահմանափակումների պահպանման ընթացքի վերաբերյալ կազմում է հաշվետվություն

«Պրոբացիայի մասին» ՀՀ Օրենքը սահմանում է Պրոբացիայի շահառուի վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կատարման առանձնահատկությունները:

Պրոբացիայի ծառայողը դատական ակտով սահմանված կոնկրետ սահմանափակումների պահպանման ընթացքի վերաբերյալ կազմում է հաշվետվություն, որը դատարանի նշած պարբերականությամբ ներկայացվում է դատարան:

Պրոբացիայի ծառայողը վերահսկողություն է իրականացնում պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված` ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության կատարման նկատմամբ:

Պրոբացիայի շահառուի կողմից դատական ակտով սահմանված` ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելու պարտականության խախտման յուրաքանչյուր դեպքում համապատասխան բժշկական հաստատությունը պարտավոր է խախտումը հայտնաբերելու պահից անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնել պրոբացիայի ծառայողին:

Պրոբացիայի շահառուի կողմից ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օգտագործման վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում պրոբացիայի ծառայողը պատճառաբանված որոշում է կայացնում պրոբացիայի շահառուի օրգանիզմում ոգելից խմիչքների (ալկոհոլի), թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայության վերաբերյալ հետազոտություն անցնելու մասին` պատշաճ ծանուցելով պրոբացիայի շահառուին: Որոշմամբ սահմանված ժամկետում պրոբացիայի շահառուի կողմից հետազոտություն անցնելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Հետազոտությունների անցկացման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին:

Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողություն նշանակելու մասին դատական ակտի կատարման ընթացքում տարածքային մարմինը կարող է վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության տևողությունը կրճատելու կամ երկարաձգելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կիրառման անհրաժեշտության բացակայության դեպքում տարածքային մարմինը վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կիրառումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնում դատարան:

Վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության ենթարկվելուց կամ սահմանված պահանջները կատարելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքի ի հայտ գալու պահից եռօրյա ժամկետում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և հաղորդում ներկայացնում դատախազություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել