Մենք հայտնվել ենք այդ հակահեղափոխականների մեջ. Yerevan.Today կայքի խմբագիրը՝ կատարված խուզարկության մասին

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Yerevan.Today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները խուզարկել և ուսումնասիրել են ոչ միայն գործի հետ առնչվող նյութերը, այլ նաև լրատվականի ֆինանսական հաշվետվությունները, կայքում հրապարակված տարբեր հրապարակումներ:

«Ստուգել են ֆինանսական հաշվետվությունները, կիսատ նյութ ունեի գրած ոստիկանության մասին, դա էին կարդում»,-նշում է նա:

Կայքի խմբագիրը նշում է, որ ճնշում է տեսնում ազատ մտքի նկատմամբ:

«Ճնշում կա այն լրատվամիջոցների նկատմամբ, ովքեր չեն հանդուրժում երկրում առկա մերժելի երևույթները: Սկսել են մեզնից, դրանից առաջ վարչապետը «մատ թափ տվեց» այլ լրատվամիջոցի վրա: Սկսեց ֆեյքային գրոհը, տեղի չտվեցինք: Եթե այսքանից հետո մենք լուռ մնանք, ուրեմն լավ: Եթե լուռ չմնանք, գործեր կսկսվեն: Հարցն այն է, որ սրանով նրանք ուզում են բոլորի վրայով անցնել»,-նշել է կայքի խմբագիրը:

Սևակ Հակոբյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասարակական, լրատվական, քաղաքական դաշտը արհեստականորեն բաժանել է երկու մասին՝ «սևերի և սպիտակների»:

«Նրանք, ովքեր չեն գովերգում գործող համակարգը, ապա նրանք «սևերի» և հակահեղափոխականների մեջ են հայտնվում: Հիմա մենք հայտնվել ենք այդ հակահեղափոխականների մեջ և դրանով է բացատրվում այս միջադեպը»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը գաղտնաձայնագրառելու և տարածելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով, ի թիվս այլ հասցեների, օպերատիվ-քննչական խումբն այսօր այցելել է նաև Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրություն՝ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել