Ազգային ժողովը քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծել. Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ քառորդը դիմել է ԱԺ նախագահին՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու հարցի ուսումնասիրման համար  քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով:

Այդ նպատակով պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Սակայն «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս հարցով ԱԺ հանձնաժողով ստեղվծել չի կարող:

«Կան հստակ սահմանափակումներ, որոնց մեջ նշված է, որ չի կարող քննիչ հանձնաժողով ստեղծվել, եթե նախաքննությունն է ընթանում: Մամուլի հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ քրեական գործ է հարուցվել և՛ գաղտնալսման, և՛ քրեական վարույթին միջամտելու հանգամանքներով: Դրա համար ԱԺ-ն չի կարող ստեղծել այդպիսի հանձնաժողով»,-նշեց Մարուքյանը:

Գևորգ Կոստանյանը սակայն նշեց, որ իհարկե նման հանգամանքը չէր կարող իրենց աչքից վրիպել:

«Մենք չենք խոսում կոնկրետ քրեական գործի և դրա կոնկրետ հանգամանքների մասին: Ես նշեցի, որ սա մեզ բերում է այն եզրահանգման, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության սկզբունքը խախտվել է, ապա դա հիմնավոր կասկած է տալիս քաղաքացու համար, թե արդյո՞ք իր հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունքը պատշաճ երաշխավորված է»,-նշեց Կոստանյանը:

Սակայն Մարուքյանը նշեց, որ հանձնաժողով ստեղծելու մասին նախագծում նշված է, որ հանձնաժողովը ստեղծվում է հենց հարուցված քրեական գործի վերաբերյալ քննարկման համար:

Կոստանյանը նշեց սակայն, որ քրեական գործ հարուցված չէ արդարադատության իրականացմանը խորընդոտելու հոդվածով:

«Քրեականա գործը հարուցված է միայն պաշտոնեական լիազորությունների սահմանը անցնելու փաստով և ոչ թե արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փաստով: Տեքստի ձևակերպումը մենք իհարկե կարող ենք փոխել, հարցը չի վերաբերում հենց գործի հանգամանքներին, այլ այս ձայնագրությունները հիմք են հանդիսանում, որպեսզի մենք ուսումնասիրության առարկա դարձնենք գլոբալ այս հեռախոսային խոսակցությունների երաշխավորման և արդար դատաքննության իրավունքի երաշխավորման հանգամանքները»,-նշեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժաողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ համացանցային youtube կայքում սեպտեմբերի 11-ին  տարածվել էր տեսանյութ, որում ներկայացվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Նրանք զրուցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ խափանման միջոցի ընտրության, Սեյրան Օհանյանին ձերբակալելու մասին: Գաղտնալսման վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել