Իհարկե, համագործակցել ենք ՀՔԾ-ի հետ, և ես անձամբ փաստաթղթեր եմ տրամադրել. Վահե Գրիգորյան

Համացանցային youtube կայքում տեսանյութ է տարածվել, որում ներկայացվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը:

Նրանք զրուցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ խափանման միջոցի ընտրության, Սեյրան Օհանյանին ձերբակալելու մասին: Այստեղ նաև խոսք է գնում փաստաբան Վահե Գրիգորյանի մասին։

«Սասուն Խաչատրյան – Հիմա Վահեն ա գալու մոտս՝ Գրիգորյան, Վահեն լուրջ բան կգրի հեսա, ու ելույթ էլ կունենա ու սաղ հարցերին կպատասխանի: Պռոստը իմ ելույթը ճիշտ չի էլի։

Արթուր Վանեցյան – Չէ, չէ, չէ, թող Վահեն խոսա, որպես փաստաբան, որպես փորձագետ։

Սասուն Խաչատրյան- Որպես փորձագետ, նաև ինքը Եվրադատարանում ա, չէ՞, ներկայացնում այս գործը»,-ասվում էր ձայանգրության մեջ։

Իրավաբան․net-ը կապ հաստատեց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի հետ, նա մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ չի լսել ձայնագրությունը, սակայն նաև չի հերքում՝ իր և ՀՔԾ-ի համագործակցությունը։

Լրագրող- Պարոն Գրիգորյան, Սասուն Խաչատրյանը նշում էր, որ պետք է հանդիպեք իրեն և կարող եք փաստարկներ ներկայացնել։

Վահե Գրիգորյան- Ես հաճախ եմ հանդիպել ՀՔԾ-ում այդ գործով, ժամանակ առ ժամանակ հիմա էլ եմ հանդիպում։ Իրենց բազմաթիվ փաստաթղթերով տեքստեր եմ տվել։

Լրագրող- Մարտի 1-ի գործո՞վ։

Վահե Գրիգորյան- Այո, Մարտի 1-ի գործով։ Ես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն եմ։

Լրագրող- Այսինքն, ամեն դեպքում Դուք չեք հերքում Ձեր և ՀՔԾ-ի համագործակցությունը։

Վահե Գրիգորյան- Ես ոչ միայն չեմ հերքում այդ փաստը, այլ մենք նաև պաշտոնապես ենք հայտարարել, որ տուժողների իրավահաջորդներն ուղիղ համագործակցելու են Հատուկ քննչական ծառայության հետ։ Դրանում ոչ մի տարօրինակ բան չկա։ Խնդիրն այն է, թե համագործակցության ո՞ր հատվածին է վերաբերում դա։ Խոսքի մեջ ասվում է, որ պետք է Վահեն ելույթներ ունենա։ Ես չգիտեմ, թե որտեղ է ելույթ ունեցել պարոն Խաչատրյանը, դա հեռուստատեսությունում է եղել, թե՝ չէ, եթե հեռուստատեսությունում է եղել, ապա նա չէր կարող իմանար, որ ես գալիս եմ ելույթ ունենալու, որովհետև ես լրագրողների հետ եմ խոսել։ Սա առանձնապես էական բան էլ չէ։ Ես, իհարկե, այդ մասին (Մարտի 1-ի) ելույթներ ունեցել եմ։

Ի՞նչն է արտառոց այս ամեն ինչի մեջ։ Ես ՀՔԾ-ի հետ, իհարկե, համագործակցում եմ, այստեղ ոչ մի կասկած չպետք է լինի։ Մենք դա նաև պաշտոնապես ենք ասել։ Մենք չենք համագործակցել այն նախաքննական մարմինների հետ, որոնք գործն ամբողջությամբ տանում էին տուժողների իրավահաջորդների իրավունքներին հակառակ, մասնավորապես, նրանց հարազատներին մեղադրելով զանգվածային անկարգություններին մասնակից լինելու, դիմադրություն ցուցաբերելու և ոմանց նույնիսկ ոչ սթափ վիճակում դեպքի վայրում լինելու համար։ Բայց վերջին 2-3 ամսվա ընթացքում մենք, իհարկե, համագործակցել ենք ՀՔԾ-ի հետ, և ես անձամբ փաստաթղթեր եմ տրամադրել։

Վերջին բողոքարկման ընթացքում, երբ խոսքը վերաբերվեց անձեռնամխելիությանը, Ես ինքս, առանձին, վճռաեկ բողոք եմ գրել, առանց դատախազության, առաց ՀՔԾ-ի հետ համագործակցելու, ինձ իրենց դիրքորոշումն այդ կապակցությամբ առանձնապես էլ չի հետաքրքրում։

Լրագրող- Ռոբերտ Քոչարյանի անձեռնամխելիության մասի՞ն է խոսքը։

Վահե Գրիգորյան- Այո։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել