Կարեն Զադոյանը անհատական խորհրդատվություն տրամադրեց Գեղարքունիքի մարզում գործող ՔՀԿ ինկուբատորների մասնակից ՔՀԿ-ներին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 6-ին ծրագրի ղեկավար և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՔՀԿ-ների հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բարելավման ծրագրրերի վերաբերյալ անհատական խորհրդատվություն տրամադրեց Գեղարքունիքի մարզում գործող քաղհասարակության ինկուբատորների 7 մասնակից ՔՀԿ-իներին`  ինչպես ԻՀԱ-ի մարզային, այնպես էլ ՔՀԿ-ների գրասենյակներում:

Աշխատանքային հանդիպումներին մասնակցում էին ծրագրի ղեկավարի տեղակալ/դրամաշնորհային բաղադրիչի համակարգող Արտակ Սարիբեկյանը և ծրագրի ՔՀԿ Գեղարքունիքի ինկուբատորի մարզային համակարգող Լիանա Մակվենցյանը:

Աշխատանքային հանդիպումների ժամանակ խոսվեց ծրագրի շրջանակներում ինկուբատորի ՔՀԿ-ներին մրցութային եղանակով տրվող ենթադրամաշնորհների մասին, ինչպես նաև, թե ինչպես մշակել սեփական կազմակերպությունների հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բերելավման ծրագրերը, ինչպես պատրաստել վերոհիշյալ ծրարգերում ամփոփված մեկ հանրային քաղաքկանության վերաբերյալ ենթադրամաշնորհային ծրագրի հակիրճ գործադիր ամփոփում:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի Գավառի գրասենյակում անհատական խորհրդատվություն տրամադրվեց ինկուբատորի 3 ՔՀԿ-ների ներկայացուցիչների: Ապա այցելեցին Գավառում գտնվող «Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման ՀԿ-ի գրասենյակ: Այստեղ ևս Կարեն Զադոյանը տրամադրեց անհատական խորհրդատվություն, պատասխանեց բարձրացված հարցերին:

Ապա այցելեցին Վարդենիկ համայնքում գործող «Համայնքի զարկերակ» ԵՀԿ-ի գրասենյակ: Հանդիպմանը ներկա էին կազմակերպության անդամներ, կամավորներ: Կազմակերպության անդամներին տրվեց անհատական խորհրդատվություն՝ ինչպես պատրաստել կազմակերպության հանրային քաղաքականությունների մոնիտորինգային և բարելավման ծրագիր, ինչպես ավելի թիրախավորված ներկայացնել հանրային խնդրահարույց քաղաքականությունները:

Հաջորդ այցելությունը Սևան քաղաք էր, որտեղ իր գործունեությունն է ծավալում «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ն: ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը և անդամները ԻՀԱ անձնակազմին հյուրընկալեցին «Բոհեմ» արվեստանոց-թեյարան, որտեղ էլ նրանց տրամադրվեց անհատական խորհրդատվություն և համատեղ մտագրոհի արդյունքում փորձեցին հատկորոշել կազմակերպության թիրախում գտնվող հանրային քաղաքականությունները: Հանդիպման ընթացքում ՔՀԿ ներկայացուցիչները խոսեցին այն ձեռքբերումների մասին, որոնք արձանագրվել են շնորհիվ կառուցողական երկխոսության: «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը նշեց, որ ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարություն այցելությունից հետ ստացել են համագործակցության առաջարկություն և նույնիսկ ստացել են փոքր դրամաշնորհ:

«Տարածքային զարգացման և հետազոտությունների» ՀԿ-ն իր գործունեությունն է ծավալում Լճաշեն համայնքում: Լճաշենում ևս կազմակերպության անդամներին տրամադրվեց խորհրդատվություն, հանրային քաղաքականություններ մշակման վերաբերյալ տեղեկատվություն:

Նշենք նաև, որ  Կարեն Զադոյանը Գավառում հարցազրույց տվեց  «Քյավառ» հեռուստաընկերությանը, խոսեց անցումային արդարադատության մասին, իր խոսքում անդրադարձավ այն հարցին, թե որ պետություններում են հիմնականում կիրառվում անցումային արդարադատության դրույթները, նշեց, որ այս պարագայում ևս արդարադատություն իրականացնող մարմինը միևնույն է հանդիսանալու է դատարանը, կոռուպցիայի հետևանքով երկրից թալանված ակտիվների վերականգնման և վերադարձման հարցերում անցումային արդարադատության շրջանակում հարկավոր է լուծել գողացված ակտիվների  համար հիմք հանդիսացող կոռուպցիոն հանցագործությունների վաղեմության ժամկետների, ինչպես նաև օրենքի հետադարձ ուժի կիրառման հետ կապված հարցերը:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել