Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին երկու հոդվածով մեղադրանք է առաջադրվել

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով։

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և 310-րդ հոդվածի հատկանիշներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը»,– ասաց նա։

Հավելենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։

 Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ։ Ներգրավելով վարկային միջոցներ՝ կատարել է շուրջ 80 000 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով ավազի լվացման և մաղման հոսքագծեր, սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի։ Ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջվել է ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։

ՍՊԸ ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները։ Գործը փոխանցվել է ՀՔԾ, նախաքննությունը շարունակվում է։

Այսօր, Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել՝ ՀՔԾ-ի կողմից իրեն որպես վկա կանչելու, այնուհետև մեղադրանք առաջադրելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել