Դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ

Դատավարության մասնակցի պատճառաբանված միջնորդությամբ դատարանը թույլատրում է նրան կամ դատավարության այլ մասնակցին մասնակցել դատական նիստին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, եթե դատական նիստերի դահլիճում տեղադրված է նման հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգ: Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին չի կարող մասնակցել թարգմանիչը, ինչպես նաև չի կարող իրականացվել առերես հարցաքննություն:

Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու վերաբերյալ գործին մասնակցող անձի միջնորդությունը կարող է ներկայացվել դատարան նիստն սկսելուց առնվազն յոթ օր առաջ: Դատական նիստի ընթացքում կարող է ներկայացվել հաջորդ դատական նիստի վերաբերյալ միջնորդություն:

Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու վերաբերյալ միջնորդությունը քննարկվում է եռօրյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու: Դատական նիստի ընթացքում ներկայացված միջնորդությունը քննարկվում է տվյալ դատական նիստում:

Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում։

Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելը թույլատրելու վերաբերյալ որոշումը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է համապատասխան դատարան:

Տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելը թույլատրելու վերաբերյալ որոշումը կատարվում է հանձնարարությունն ստացած դատարանի աշխատակազմի միջոցով, որն ապահովում է գործը քննող դատարանի հետ տեսաձայնային հաղորդակցման հնարավորությունը, ստուգում է դատավարության մասնակցի ներկայությունը և ինքնությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության  օրենսգրքով նախատեսված դեպքերում դատավարության մասնակցից ստորագրություն է վերցնում սուտ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու կամ ակնհայտ կեղծ եզրակացություն կամ մասնագիտական բացատրություն տալու համար քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու մասին։ Դատավարության մասնակցի նախազգուշացման վերաբերյալ փաստաթուղթը հնգօրյա ժամկետում ուղարկվում է գործը քննող դատարան և կցվում է դատական նիստի արձանագրությանը։

Դատարանը մերժում է տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու վերաբերյալ միջնորդությունը, եթե՝

  1. բացակայում է տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու տեխնիկական հնարավորությունը.
  2. միջնորդությունը ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ.
  3. անցկացվում է դռնփակ դատական նիստ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել