Ազգությամբ հայ երեխաներին արտաքսում են Նիդերլանդներից

Երկար տարիներ Նիդերլանդներում բնակվող երկու հայ երեխաներին անհապաղ արտաքսում է սպասվում: Նրանց ապաստան տրամադրելու մասին խնդրանքը մերժվել է։ Այս մասին հայտնում է BBC-ին:

13-ամյա Հովիկը և նրա 12-ամյա քույր Լիլին, իրենց մոր հետ Նիդերլանդներ են ժամանել 2008թ.-ին։

Նրանց մայրը արտաքսվել էր անցյալ տարի, իսկ երեխաները մնացել են Նիդերլանդներում:

Պետության ղեկավարությունը պնդում է, որ իրենց ապաստանի տրամադրման քաղաքականությունը արդարացի է:

Անցած շաբաթ Նիդերլանդրների վարչապետ Մարկ Ռյուտենն ասել է, որ հասկանում է այս գործի շուրջ ծավալված հույզերը, սակայն ապաստանի տրամադրման կանոնները պետք է պահպանվեն և վերահսկվեն։

«Ցանկացած անձ, որը չի համապատասխանում սահմանված չափանիշներին, չի կարող այստեղ մնալ»,- ասել է վարչապետը:

Ովքե՞ր են Լիլին և Հովիկը

Նրանց մայրը՝ 37-ամյա Արմինա Համբարձումյանը, Ռուսաստանից Նիդերլանդներ է ժամանել 2008 թվականին և դիմել ապաստան ստանալու համար: Երեխաները երբեք չեն ապրել Հայաստանում և հայերենին  չեն տրապետում:

2017թ.-ին արտաքսվելիս, երեխաների մայրը նրանց տեղավորել էր գաղտնի հասցեում, որպեսզի իշխանության ներկայացուցիչները չկարողանան նրանց գտնել։ Նրանք ապրել են իրենց մոր ծանոթների ընտանիքներում։

Ամիսներ շարունակ դատարանը քննում է երեխաների գործը։ Քննությանը մասնակցող շատ ակտիվիստներ պնդում են, որ երեխաների մայրը հոգեպես և ֆիզիկապես անկարող է նրանց խնամել և երեխաները պետք է մանկատուն գնան։

Երեխաների աջակցության բողոքի ակցիաներ անկացրեցին Ամերսֆոորտ քաղաքի դպրոցի նրանց դասընկերները, ինչի շնորհիվ գործը հնչեղություն ստացավ ամբողջ Նիդերլանդներում։

Անցած ամիս, ապաստան տրամադրելու մասին մի շարք որոշումներից հետո, դատարանը վերջնական որոշում կայացրեց, որի համաձայն Լիլիի ու Հովիկի Նիդերլանդներում մնալու հիմքեր չկան։ Պետական խորհուրդը նշել է նաև, որ Հայաստանը ապահով երկիր է, և երեխաների հետապնդման ռիսկեր չկան։

Դատարանը եզրակացրել է, որ երեխաները փողոցում չեն մնա, և արտաքսումը կիրականացվի սեպտեմբերի 8-ին։

Ի՞նչ է ասում մայրը

Հոլանդական «Algemeen Dagblad» թերթին ուղղված վերջին նամակում երեխաների մայրն ասել է, որ նրանք «թաքնված են» և «անվտանգ վայրում են» գտնվում:

«Սթրեսային իրավիճակն այնքան բարձր է, որ ես վախենում եմ, որ երեխաներս կկոտրվեն, եթե դա շարունակվի», – գրել է նա՝ հավելելով, որ մասնագետներն իրեն ասել են, որ նրանց մոտ առկա են խանգարումներ, որոնք հետտրավմատիկ սթրեսի հետևանք են։

Սակայն երկուշաբթի օրը թերթը հաղորդել է, որ երեք օր թաքնվելուց հետո երեխաները հայտնվել և ներկայացել են իշխանություններին:

«Մենք այստեղ ենք մեծացել։ Մեզ ասում են` վերադառնում եք Հայաստան, բայց ո՞ւր ենք վերադառնում»,- հեռուստաեթերներից մեկի ժամանակ նշել է Լիլին:

«Եթե մենք այնտեղ գնանք, մեզ ինչ որ մանկատուն կուղարկեն, որը նախատեսված է առավելագույնը 20 երեխայի համար, սակայն այնտեղ  արդեն 30 երեխա կա», – հավելել է Հովիկը։

Տարբե՞ր են արդյոք երեխաներին վերաբերող գործերը

Որոշ եվրոպական երկրներ պայքարում են այն երեխաների արտաքսման դեմ, որոնց ապաստան հայցելու գործերը մերժվել են:

Երեխաների պաշտպանները նշել են, որ իրենք դեռ հույս ունեն, որ Հոլանդիայի միգրացիոն վարչությունը չեղյալ կհամարի դատարանի վճիռը։ Նշվում է նաև, որ Նիդերլանդներում կա 5 և ավելի տարի բնակվող ավելի քան 400 երեխա, ովքեր ներկայումս ապրում են առանց բնակության թույլտվության։

Անցյալ ամիս հոլանդական Քուլեմբորգ քաղաքում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, երբ արտաքսվեց 17 տարի այնտեղ բնակվող ուկրաինական մի ընտանիք, որոնց երեք երեխաները ծնվել էին Նիդերլանդներում:

Հոլանդական ներգաղթի ծառայությունը մերժել է 2017 թ.-ին ստացված 16785 ապաստան տրամադրելու հայտերի գրեթե կեսը: Մինչդեռ 2015 և 2016 թվականներին Գերմանիա ներգաղթած տասնյակ հազարավոր անօթևան անչափահասների ապաստանի տրամադրման հայցերի գրեթե 90 տոկոսը հաստատվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել