Սա դատավարություն չէր, սա խայտառակություն էր. Մասիսի քաղաքապետը և պաշտպանական կողմը լքել են նիստերի դահլիճը

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքի երկարացման գործով դատական նիստը:

Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ  դատավոր Մնացական Մարտիրոսյանը կոպտագույն կերպով խախտել է պաշտպանական կողմի իրավունքները և ինքն ու իր պաշտպանյալը լքել են դատական նիստերի դահլիճը:

«Սա դատավարություն չէր, սա խայտառակություն էր և ինչպես ժամանակին Մնացական Մարտիրոսյանը դատել է Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ այսօր նա երկարացնելու է Դավիթ Համբարձումյանի կալանքը»,-նշեց փաստաբանը:

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ դատավորը քննության առարկա չի դարձրել պաշտպանական կողմի միջնորդությունները:

«Գաղտնիության պատճառով չեմ կարող ներկայացնել միջնորդությունների բնույթը, բայց հավատացեք, օրինական միջնորդությունը թողել է առանց քննության կամ առհասարակ հրաժարվել է քննարկելուց և փորձել է կայացնել արագ դատական ակտ: Նիստերի դահլիճում գտնվելը կնաշանակեր, որ մենք այդ ապօրինությունը օրինականցնելու էինք և գործելու էինք ի վնաս մեր պաշտպանյալի և այդ պատճառով լքել ենք նիստերի դահլիճը»,-նշեց Դավիթ Համբարձումյանի փաստաբանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա տեղակալին և ևս 3 անձի:

Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը և կարգադրել նրան անհապաղ ազատ արձակել, այնուհետև կրկին կալանավորել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել