Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քիչ առաջ հրապարակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում Լևոն Ղազարյանի («Երրորդմասցի Լյովիկ») սպանության գործով դատավճիռը:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից հայտնեցին, որ ամբաստանյալներ Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանը և Սարգիս Հախանումյանը դատապարտվեցին 18 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: