Պարզեցված վարույթի կարգով քննվող գործերը

Դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:

Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:

Գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝

  1. առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին կամ փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
  2. դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.
  3. առկա է ոչ պատշաճ կողմի փոխարինման կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.
  4. անհրաժեշտ է որոշել գործին մասնակցող անձանց կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստեր:

Մեկ հայցադիմումում միացված մի քանի փոխկապակցված պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով, իսկ մյուսը` ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատարանը քննում է ընդհանուր հայցային վարույթի կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ Քաղաքացիական Դատավարության Օրենսգրքով սահմանված կարգով միացված պահանջներն առանձնացնում են առանձին վարույթներում:

Սույն փոփոխությունը ուժի մեջ է մտել 2018թ. հունվարի 25-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել