Կաշառք ստանալու համար մեղադրվող դատավորն ազատ է արձակվել կալանքից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, բավարարել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ամբաստանյալ Վանիկ Վարդանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի  միջնորդությունը՝ նրան 5 միլիոն դրամ գրավի դիմաց  խափանման միջոց կալանքը փոխելու մասին:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Վանիկ Վարդանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իր պաշտպանյալն արդեն ազատության մեջ է։ Միջնորդության համար հիմք է եղել նրա տարիքը, առողջական վիճակը, խնամակալների առկայությունը, քանի որ ծնողներն ու իր երեխաները նրա խնամակալության տակ են, ինչպես նաև նրա դրսևորած պատշաճ վարքագիծը։

Հիշեցնենք, որ Վանիկ Վարդանյանը մեղադրվում էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի հետ կաշառք ստանալու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Վանիկ Վարդանյանը 2017թ. փետրվարի 27-ին ժամը 15.00-ից 17.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում՝ դատարանի նախագահի աշխատասենյակում, Ռոբերտ Գրիգորյանի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանի միջոցով վերջինիս ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ Զարիկ Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի կապակցությամբ վճռի ապօրինի պարզաբանում տալու համար դատարանի նախագահ Ա. Պետրոսյանի հետ խմբով ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլն դրամին համարժեք 120 հազար ռուբլի կաշառք։

Նշենք, որ Վանիկ Վարդանյանը կալանքի տակ է եղել 1 տարի երկու ամիս։

Շուշան Ստեփանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել