Եթե վերաքննիչ դատարանն իրոք Քոչարյանին ազատել է անձեռնմխելիության հիմնավորմամբ, ապա սխալ է կիրառել Սահմանադրության հոդվածը

Սահմ․ 56․1-րդ հոդվածը սահմանադիրը սահմանել է ոչ թե նախագահի պաշտոնն զբաղեցնող ԿՈՆԿՐԵՏ ԱՆՁԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՇԱՀԸ, այլ նրա զբաղեցրած ՊԱՇՏՈՆԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, այսինքն՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԸ պաշտպանելու նպատակով, ուստի, եթե նախագահը կատարում է հանցագործություն, ապա ոչ մի ողջամիտ բացատրություն չեմ տեսնում այն մոտեցման համար, թե ինչու նա չպիտի պատասխան տա իր կատարած հանցագործության համար պաշտոնից հեռանալուց հետո։ Չէ որ հանրապետության նախագահի պաշտոնի բնականոն գործունեության շահի պաշտպանության հարց այդ ժամանակ այլևս չկա։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը։

Նորմի նման մեկնաբանությունը հաստատվում է նաև Սահմ․ 57-րդ հոդվածի առաջին մասով։ Նախագահի անձեռնմխելիության մասին դրույթը նրան ամենևին չի պաշտպանում 57-րդ հոդվածի հիման վրա իրականացվող հետապնդումից։ Օրինակ՝ եթե նախագահը մեկ այլ պետության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նրան հաղորդում է գաղտնի տեղեկություններ, որպիսի արարքը ՔրՕ-ով նախատեսված պետական դավաճանություն է, ապա նա կարող է հանգիստ հետապնդվել անգամ պաշտոնավարման ընթացքում, ու անձեռնմխելիության մասին դրույթը նրան դրանից ամենևին ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ։

Քոչարյանը մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը տապալելու համար։ Դա ծանր հանցագործություն է, ուստի Սահմ․ 57-րդ հոդվածի հիման վրա անձեռնմխելիությունն այդ արարքի վրա չի տարածվում։ Հիմա եթե argumentum ad fortiori սկզբունքով մեկնաբանենք, ապա կստացվի՝

ԵԹԵ ԱՐԴԵՆ Սահմանադրությունն ինքը թույլատրում է նախագահին պաշտոնանկ անել ծանր հանցագործությունների դեպքում (ինչը նրան հետո քրեական պատասխանատվության ենթարկելու ամենաառաջին նախապայմանն է), ապա ԱՌԱՎԵԼ ԵՎՍ պիտի թույլատրելի լինի նրա նկատմամբ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ կիրառելը (ինչպիսին է, օրինակ, կալանավորումը 2 ամիս ժամկետով)։

Ավելին, եթե Վերաքննիչ դատարանի կարծիքով անձեռնմխելիության պատճառով անթույլատրելի է նախկին նախագահի կալանավորումը, ապա այդ նույն պատճառաբանությամբ անթույլատրելի պիտի լինեն նրա նկատմամբ նաև մյուս դատավարական սահմանափակումները՝ նրա տան խուզարկությունը, նրա անձնական խուզարկությունը, նրա հեռախոսային խոսակցությունները լսելը ևլն ևլն։ Բա քրեական հետապնդման մարմինն իր առջև դրված խնդիրներն ինչպե՞ս պիտի կատարի։ Ինչպե՞ս պիտի ՀՔԾ-ն բացահայտի այս գործը, եթե ոչ մի քննչական գործողություն չի կարող կատարել։ Վերաքննիչն այս մասին հեչ մտածե՞լ է։

Երբ անընդհատ ասում եմ, թե իրավագիտությունը Հայաստանում ոչ թե զրո, այլ «մինուս անվերջություն» մակարդակի վրա է, այ սրա համար եմ ասում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել