ԱՁ-ների նկատմամբ կիրառվող վարչարարությունը կմեղմացվի, մինչև խնդրին վերջնական լուծում տալը․Դավիթ Անանյան

Արտաշատում այսօր մի շարք քաղաքացիներ փակել էին իրենց խանութները և բողոքի ակցիա էին իրականացնում հարկային տեռորի դեմ։ Քաղաքացիների խոսքով, իրենցից գանձվում են գումարներ՝ հաշվի չառնելով խանութի չափերը, ֆինանսական եկամուտը։ Քաղաքացիները պահանջում են Արտաշատ համայնքի աշխատակազմի հարկային բաժնի պետ Ռաշիդ Մախսուդյանին հեռացնել համակարգից։ Քաղաքացիների խոսքով, նա բազմիցս չարաշահել է իր պաշտոնական դիրքը, բայց չեն կարողացել բողոքել, որովհետև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախուդյանի եղբայր է։

«Մենք այն ժամանակ չենք կարողացել մեր բողոքի ակցիան իրականացնել, քանի որ գիտեինք ոչ-մի արդյունքի դա չէր բերի, իսկ հիմա իրավիճակ է փոխվել և մենք իրականացնում ենք մեր բողոքի ակցիան։ Նման պայմաններում աշխատել այլևս հնարավոր չի, մարդիկ ուզում են կայացած բիզնեսները փակել և գնալ այստեղից։ Մենք հարկերից չենք խուսափում, մենք ուզում ենք, որ մանր ու միջին բիզնեսը զարգանա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի  մասնակիցները վստահեցնում են, որ սա նախազգուշական ակցիա է և հաջորդ քայլերն ավելի կտրուկ կլինեն։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հանդիպեց ցուցարարների հետ, և ակցիայի մասնակիցները ներկայացրեցին իրենց խնդիրները։

«Հանձնարարականով  ՀԴՄ ստուգումների համար գալիս են, եթե  ինչ-ինչ պատճառներով չի ստացվում  ՀԴՄ-ի համար տուգանել, անցնում են աշխատուժը ստուգելուն»,- ասաց բողոքի մասնակիցներից մեկը: Իսկ հարցին թե, հանձնարարական ունեք, որ ստուգում եք աշխատուժը, ստուգողները պատասխանել են․ «Ապեր, չունենք, բայց Մախսուդյանի մոտ ա, կբերենք էլի»։

Քաղաքացիների խոսքով, գումարներ գանձելիս հաշվի չեն առնվում խանութներից ստացված իրենց շահույթի չափը։

«Կարող ա Մախսուդյանի տրամադրությունը բարձր լինի, մի ամիս 200 հազար մուծենք, հաջորդ ամիս, Աստված չանի, կարող ա վատ լինի, 800 հազար մուծենք»,- ասաց ցուցարարներից մեկը։

Դավիթ Անանյանը խոստացավ, որ ծառայողական քննություն կանցկացվի, և, եթե իրականում խախտումներ եղել են, ապա խախտողները անպատճառ կպատժվեն, իսկ ԱՁ-ների նկատմամբ կիրառվող վարչարարությունը կմեղմացվի, մինչև խնդրին վերջնական լուծում տալը։

«Ես խոսք եմ տալիս, էն ինչ-որ մենք այսպես հրապարակային քննարկեցինք, շատ արագ լուծվելու է, գնացե՛ք, բացե՛ք ձեր խանութնորը և աշխատեք»,-քաղաքացիների դիմեց Դավիթ Անանյանը։

Քաղաքացիները ծափերով ճանապարհեցին Դավիթ Անանյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել