Վարձակալության պայմանագիրը դադարելուց հետո վարձակալն իրավունք ունի հատուցում ստանալ իր կատարած բարելավումների արժեքի չափով

Հաճախակի են դեպքերը, երբ քաղաքացիները միմյանց հետ մտնում են քաղաքացիական իրավահարաբերությունների մեջ, բայց ինչպես հարկն է չեն ձևակերպում ձեռք բերված պայմանավորվածությունները կամ գործարքներում անդրադարձ են կատարում հնարավոր ոչ բոլոր հարցերին:

Նմանատիպ իրավիճակ առաջանում է օրինակ այն դեպքում, երբ վարձակալը կատարում է վարձակալած գույքի բարելավումներ, իսկ վարձակալության պայմանագրով կարգավորված չի լինում կատարված բարելավումների արժեքը հատուցելու հարցը: Նման դեպքերի համար կարգավորումներ է սահմանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 626-րդ հոդվածը: Նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ վարձակալության պայմանագրում համապատասխան կարգավորումների բացակայության պայմաններում, եթե կատարված բարելավումները (կամ դրանց մի մասը) բաժանելի են և դրանք հնարավոր է առանձնացնել գույքից՝ առանց գույքին վնաս պատճառելու, ապա այդ բարելավումները համարվում են վարձակալի սեփականությունը: Իսկ վարձակալի կողմից առանց վարձատուի համաձայնության վարձակալած գույքից կատարած անբաժանելի բարելավումների արժեքը չի հատուցվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Վարձակալության պայմանագիրը դադարելուց հետո վարձակալն իրավունք ունի հատուցում ստանալ իր կատարած բարելավումների արժեքի չափով միայն այն դեպքում, երբ վարձակալն իր միջոցների հաշվին վարձակալած գույքից անբաժանելի բարելավումները կատարած լինի վարձատուի համաձայնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել