ԱԱԾ պետը՝ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված ռազմամթերքի մասին

«ԱԱԾ օպերատիվ աշխատանքների արդյունքում տվյալներ են ստացվել, որ կան թաքցված զենքեր, որոնք հնարավոր է առընչություն ունենան մարտի 1-ին կիրառված զենքերի հետ, ինչպես հայտնի է մարտի 1-ի գործով կա մոտ 300 պարկուճ, որը դեռ չի  պարզվել, թե որ զենքից է կրակվել»,- այս մասին լրագրողների հետ զյույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը և հավելեց, որ շատ հնարավոր է այդ 300 պարկուճներից մեկը լինի հենց Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տանը հայտնաբերված զենքերից։

Հովիկ Աբրահամյանին հարցաքննության հրավիրելու մասին ԱԱԾ պետն ասաց, որ  այս պահին ոչինչ չի կարող ասել։

ԱԱԾ պետի խոսքով՝ մարտի 1-ի դեպքերին եղել են այլ անձիք, որոնք չեն եղել իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, այլ եղել են թիկնապահներ և «կողմնակիցներ»։

Արթուր Վանեցյանը սպասվելիք նոր բացահայտումների մասին ասաց․ «Առաջիկայում և մշտապես ԱԱԾ-ի կողմից իրականացվելու են բոլոր միջոցառումները օրենքով վերապահված, որպեսզի լինեն նոր բացահայտումներ»։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 9-ին, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել