42 ՀՀԿ-ական, 3 ՀՅԴ-ական և մեկ՝ «Ծառուկյան» խմբակցությունից. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով ստորագրահավաքին միացել է 46 պատգամավոր

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով գլխավոր դատախազին ուղղված ստորագրահավաքին միացել է նաև Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նշեց, որ այս պահին ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը 46-ն է՝ 42 ՀՀԿ-ական, 3՝ ՀՅԴ-ական և մեկ՝ «Ծառուկյան» խմբակցությունից:

Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ ԱԺ «Ելք» խմբակցությունը չի մասնակցել ստորագրահավաքին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ են մեղադրվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել