«Հայրենիքի» կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված՝ զոհված անձի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից

«ՀՀ Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ Օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրված և պատվավոր կոչումների արժանացած անձանց իրավունքներն ու պարտականությունները:

Հայաստանի Հանրապետության պետական պարգևների կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք ունեն շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները մշտապես կրելու իրավունք և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում օգտվում են արտոնություններից։

«Հայրենիքի» կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված՝ զոհված անձի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից:

Հայաստանի Հանրապետության «ժողովրդական» պատվավոր կոչման համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք պարտավոր են խնամքով պահպանել Հայաստանի Հանրապետության շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները։

Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք Հայաստանի Հանրապետության պետական պարգևից կամ պատվավոր կոչումից կարող են զրկվել միայն դատական կարգով:

Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձի մահվան դեպքում շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ հանձնվել թանգարաններին։

Շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները թանգարաններին են հանձնվում Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ։ Թանգարանները պատշաճ պայմաններ են ստեղծում Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշանների, մեդալների և կրծքանշանների պահպանման համար:

Եթե պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձը չունի ժառանգներ, ապա նրա մահվանից հետո շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները վերադարձվում են Հանրապետության նախագահի աշխատակազմ։

Հայաստանի Հանրապետության շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները և դրանց վկայականները կորցնելու դեպքում պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած անձինք պահպանում են իրենց իրավունքները։

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և կրծքանշանների և դրանց կրկնօրինակների կորստի դեպքում կրկնօրինակներ չեն տրվում, բացառությամբ այն դեպքում, եթե դրանք կորել կամ ոչնչացել են մարտական պայմաններում, արտակարգ իրավիճակների հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ շքանշանները, մեդալները կամ կրծքանշանները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել։

Վերը նախատեսված հանգամանքներում շքանշանների, մեդալների, կրծքանշանների և դրանց վկայականների կորստի կամ ոչնչանալու դեպքում դրանց կրկնօրինակներ ստանալու համար գրավոր դիմում է ներկայացվում պարգևատրման կամ շնորհման միջնորդություն ներկայացրած մարմին:

Միջնորդություն ներկայացրած մարմինը շքանշանի, մեդալի և կրծքանշանի կորստի մասին դիմումն ուսումնասիրելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, համապատասխան փաստաթղթերը տեղեկանքի հետ ներկայացնում է Հանրապետության նախագահի աշխատակազմ։

Կորած շքանշանների, մեդալների, կրծքանշանների և դրանց վկայականների կրկնօրինակները պետական պարգևներով պարգևատրված և պատվավոր կոչումների արժանացած անձանց հանձնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Պետական պարգևներով պարգևատրված կամ պատվավոր կոչումների արժանացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս իրավունք ունեն դուրս տանելու Հայաստանի Հանրապետության շքանշանները, մեդալները և կրծքանշանները՝ դրանց վկայականների առկայության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել