Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը` գիտության մասին

«Այսօր մեր գիտնականներն իրենց գիտելիքների արդյունքները փնտրում եւ ստանում են դրսում»,- Իրավաբան. net-ի լրագրողի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, մանկավարժության գիտությունների թեկնածու Ռուզաննա Մուրադյանը:

Նրա խոսքով Հայաստանում շատ բան պետք է անել գիտնականներին մեր երկրում պահելու համար: «Բայց այն, որ 2013 թվականի համար պետական բյուջեից գիտությանը 1 միլիարդ դրամ ավելի է տրամադրվել, քան նախորդ տարի եւ ամեն տարի աճի տենդենց կա, եւ պետության դեմքն ամբողջությամբ շրջված է դեպի գիտությունը, փաստ է»,- կարծում է պատգամավորը:

Ռուզաննա Մուրադյանի փոխանցմամբ` այս պահին ամբողջությամբ չենք կարող լուծել գիտական այն խնդիրները, որոնք կան Հայաստանում, բայց փաստ է, որ գնում ենք խնդիրների կարգավորման ճանապարհով:

«Պետք է կարողանանք առավելագույնն անել հատակապես երիտասարդ գիտնականների համար, որովհետեւ մեր երկրից գնացող առաջին կադրերը կարող են լինել երիտասարդ գիտնականները: … Պետք է քաջալերել նաեւ երիտասարդ այն գիտնականներին, ովքեր կարողանում են դրամաշնորհներ բերել իրենց երկրում խնդիրներ լուծելու համար»,- նշում է պատգամավորը:

Ըստ նրա` Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում պարբերաբար քննարկվում է գիտնականների աշխատավարձերի, գիտական կոչումներ ունեցողներին հատկացվող լրացուցիչ գումարների հարցը:

«Այս պահին հանձնաժողովում շատ թեժ քննարկումներ են ընթանում գիտնականների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ: Ինչը կարծում եմ` ճիշտ է»,-ասում է Ռուզաննա Մուրադյանը:

Անդրադառնալով սերնդափոխությանը` նա նշեց, որ սերնդափոխությունը բոլոր ժամանակներում էլ եղել է ցավոտ հարց: Գալիս են երիտասարդներ նոր գաղափարներով, մոտեցումներով ու գիտելիքներով, ավելի քիչ փորձառությամբ… Իսկ ամբողջ աշխարհում ընդունված է mentor-ի (ղեկավար) գաղափարը:

«Մենտորությունը թույլ է տալիս տարբեր սերունդների, տարբեր փորձառություն ունեցող մարդկանց փորձը միաձուլելու` նպատակին հասնելու համար` միաժամանակ իրարից սովորելով: Հաճախ ասում են` եթե մեծերը կարողանային, իսկ երիտասարդներն` իմանային: Այս գաղափարը լավ հնարավություն է տալիս իրար օգտակար լինելու»,- հավելում է պատգամավորը:

Ռուզաննա Մուրադյանի խոսքով` գիտությունը մեր երկրի համար միշտ եղել է զարգացման գերակա ուղղություն, այլ հարց է, որ միջոցները չեն բավարարել միանգամից միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար: Ըստ նրա` մենք իդեալական երկիր չենք, այլ իդեալական դառնալու ճանապարհին ենք եւ ամեն ինչ միանգամից չի կարող լինել:

Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել