Բարձրագույն դատական խորհրդի անդամները ներկայացրին մարզային դատարանների նորանշանակ նախագահներին և դատավորներին

ՀՀ նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրերով՝ Արթուր Մարգարյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Հովհաննես Ավագյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, իսկ Արամ Մկրտչյանը՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:

Հուլիսի 23-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին ներկայացրեց դատարանի նորանշանակ նախագահ Արթուր Մարգարյանին:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն դատարանի դատավորների հետ: Խորհրդի նախագահը հատկապես կարևորեց դատական իշխանության համար առաջնային համարվող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում են գործերի բաշխման համակարգի հստակեցմանը, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը,  սնանկության դատարանի ստեղծման համար անհրաժեշտ քայլերին:

Նույն օրը Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գևորգ Դանիելյանը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին ներկայացրեց Հովհաննես Ավագյանին:

Շնորհավորելով դատարանի նորանշանակ նախագահին՝ Գևորգ Դանիելյանը նշեց, որ Հովհաննես Ավագյանի աշխատանքային փորձը, հմտություններն ու մարդկային որակները բավարար են դատարանի նախագահի պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Հայկ Հովհաննիսյանը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Արամ Մկրտչյանին:

Հայկ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ արդար դատաքննություն իրականացնելու իր հիմնական գործառույթն իրականացնելիս Արամ Մկրտչյանն ըստ պատշաճի կներդնի մասնագիտական գիտելիքներն ու որակները՝ բարձր պահելով ոչ միայն տվյալ դատարանի, այլև ամբողջ դատական իշխանության հեղինակությունը:

Միջոցառումից հետո դատարանների դատավորների հետ ևս կայացավ աշխատանքային քննարկում: Անդրադարձ եղավ դատական իշխանությանը վերաբերող ընթացիկ և առաջնային հարցերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել