28-ամյա աղջիկ է բերման ենթարկվել. նա կասկածվում է Չարենցի փողոցի տներից մեկից գողություն կատարելու համար

Հունիսի կեսերին մայրաքաղաքի Չարենցի փողոցի տներից մեկից գողություն էր կատարվել։ Գաղտնի հափշտակել էին 39-ամյա տանտիրոջ ձեռքի պայուսակը, ակնոցը, բջջային հեռախոսի լիցքավորիչը, նաև վերնաշապիկները։ Տղամարդը ոստիկանություն չէր դիմել։ Բնակարանային գողության վերաբերյալ տեղեկությունը ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ ճանապարհով։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Բացահայտման միջոցառումների ընթացքում նրանց տեսադաշտում հայտնվեց հանցագործությունը կատարելու համար կասկածվողը, որն, ի դեպ, կին է։ Ինքնությունը պարզելուց հետո էլ սկսվեցին նրան հայտնաբերելու միջոցառումները։ Որոնողական աշխատանքները հանգուցալուծվեցին հուլիսի լույս 19-ի գիշերը։ Կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման ենթարկվեց Երևանում ապրող 28-ամյա Անահիտը։ Նա խոստովանեց, որ հունիսի կեսերին ապօրինի մուտք է գործել մայրաքաղաքի Չարենցի փողոցում գտնվող մի տուն և գողություն կատարել։ Հանցագործության բացահայտումից հետո էլ տուժողից հաղորդում ընդունվեց։

Բացի վերոհիշյալը, ոստիկանության Մարաշի բաժանմունքում այլ դեպքի հետ կապված հանգամանքներ էլ պարզվեցին։ Հուլիսի 12-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ապրող 31-ամյա մի տղամարդ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ տաբատի գրպանից գողացել են 170.000 դրամ։ Ըստ նրա՝ գողությունը կատարել էր Անի անունով մի աղջիկ։ Մարաշի քրեական հետախույզները պարզեցին, որ տղամարդու տաբատից դրամը վերցրած Անին 28-ամյա Անահիտն է, որին իրենք բերման են ենթարկել բնակարանային գողության կասկածանքով։

Դեպքերի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են, գողոնը հայտնաբերելու միջոցառումներ՝ շարունակվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել