Ընտրվել են Լոռու և Արմավիրի մարզերի դատարանների նախագահներ

Հուլիսի 13-ին Վանաձոր քաղաքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում-խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ:

Հանդիպման նպատակն էր անձամբ շփվել դատավորների հետ, տեղում ծանոթանալ հուզող խնդիրներին, ինչպես նաև նրանց իրազեկ դարձնել Խորհրդի գործունեությանն ու անելիքներին:

Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է դատարանների ծանրաբեռնվածության բազմագործոն խնդիրների ուսումնասիրությունը, հիմնավորվածությունը, լուծման հնարավոր ուղիների իրավաչափությունը, ինչպես նաև դատարանների նյութատեխնիկական ապահովման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում Խորհուրդն անդրադարձավ նաև պետաիշխանական հարաբերություններում դատական իշխանության ֆունկցիոնալ գործունեության հստակեցման կարևորությանը՝ իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ դատական իշխանության հակակշռող ու զսպող դերակատարությամբ:

Առանձնակի կարևորվեց նաև արդարադատության ոլորտում կոռուպցիոն դրսևորումների բացառումը, Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. ապրիլի 12-ի որոշման հետևողական իրացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրումն ու դատական իշխանության բարեփոխումներին ուղղված այլ ծրագրերի կյանքի կոչումը:

Հարցերի առնչությամբ դատավորները հայտնեցին իրենց դիրքորոշումները, կարծիքներն ու դիտարկումները:

Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրություն:

Դատարանի նախագահ ընտրվեց Մուշեղ Հարությունյանը:

Այսօր կազմակերպվեց և անցկացվեց նաև Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նոր ընտրություն:

Դատարանի նախագահ ընտրվեց Հրաչիկ Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել