1848թ. ապրիլի 1-ի գիշերը`լույս 2-ի վաղ առավոտյան, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել

«Եվ ո՞վ կարող է մահդ վկայել,
Երբ անմահ ես դու այս արևի տակ»:
Վահագն Դավթյան

Խաչատուր Աբովյանն առավել հայտնի է որպես հայ նոր գրականության հիմնադիր:

 

Սա, անկասկած, նրա միակ արժանիքը չէ:

 

Մեծ լուսավորիչ, գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809թ. Քանաքեռ գյուղում: Սովորել է էջմիածնի վանքի դպրոցում, ապա մեկնել է Թիֆլիս և մի մասնավոր ուսումնարանում առժամանակ ուսանելուց հետո ընդունվել է նորաբաց Ներսիսյան դպրոց:

 

Խաչատուր Աբովյանը ճշմարտության ու արդարության առանձնահատուկ պաշտամունք ուներ, սիրում էր հաճախ ասել. «Եղիր արդար և ոչ ոքից մի վախեցիր»: Անձնական կյանքում երջանիկ չէր, շարունակ ձգտում էր իսկական սիրո ու բախտավորության: Ընտանեկան անախորժությունները, քաղաքական հալածանքները, անվերջ պայքարը հոգևորականության խավարամոլ բարքերի դեմ, ի վերջո հասցնում են նրան, որ 1848թ. ապրիլի 1-ի գիշերը` լույս 2-ի վաղ առավոտյան, դուրս է գալիս տնից և այլևս չի վերադառնում:

 

Ու՞ր գնաց Աբովյանը, ի՞նչ պատահեց նրա հետ… այդպես էլ անհայտ մնաց:

 

Փաստորեն, գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով Խաչատուր Աբովյանին կարելի է եթե ոչ անհայտ բացակայող, ապա մահացած ճանաչել:

 

Իսկ որքա՞ն ժամանակ պետք է անցնի անձի անհետանալուց հետո, որպեսզի հնարավոր լինի վերջինիս ճանաչել անհայտ բացակայող կամ մահացած:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:

 

Բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ բացակայող ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա` հաջորդ տարվա հունվարի մեկը:

 

Նույն օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին դատարանով կարող է մահացած ճանաչվել, եթե նրա բնակության վայրում երեք տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ եթե նա անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետևանքով` վեց ամսվա ընթացքում:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է նրա վերջին հայտնի բնակության վայրի կամ դիմողի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել