«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանը ստորագրությամբ ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի  նստավայրում այսօր՝  հուլիսի 11ին,  տեղի ունեցավ «Սասնա ծռեր»  զինված խմբի  անդամներից՝  Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Մխիթար Ավետիսյանի, Վարուժան Ավետիսյանի, , Սմբատ Բարսեղյանի,   Սերգեյ Կյուրեղյանի և Արեգ Կյուրեղյանի  քրեական գործով հերթական դատական նիստը ՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

Պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց «Սասնա ծռեր»  զինված խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար և հայտնեց, որ Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության  պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Մխիթար Ավետիսյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելու համար։

Դատարանին ներկայացվեցին նաև գրավի վերաբերյալ վճարման անդորրագրերը, միջնորդությունը քննելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Շուրջ 45 րոպե  հետո դատարանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և հրապարակեց միջնորդությունը բավարարելու և Մխիթար Ավետիսյանի  խափանման միջոցը փոխելու համար ներկայացված որոշումը։

Մխիթար Ավետիսյանը ստորագրությամբ ազատ արձակվեց։

Ստորագրությամբ ազատ արձակվելուց հետո Մխիթար Ավետիսյանն ասաց, որ զինված ապստամբության էջը փակված է:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին տուժողներ Խաչատուր Մուրադյանը, Տիգրան Դանիելյանը, Արթուր Հարությունյանը, Վլադիմիր Սիրեկանյանը և Հովսեփ Սարգսյանը չէին ներկայացել դատական նիստին՝ ծառայողական պարտականությունների ծանրաբեռնվածության պատճառով։ Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 18-ին։

Մերի Մնոյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել