Ամառային ուսումնական արձակուրդի օրերին շատ երեխաներ ներգրաված են լինում հանրային սննդի և սպասարկման ոլորտում տարբեր աշխատանքներում. առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

‹‹Երեխայի իրավունքների մասին›› ՀՀ օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Այս մասին հայտնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից:

Ամառային ուսումնական արձակուրդի օրերին շատ երեխաներ ներգրաված են լինում հանրային սննդի և սպասարկման ոլորտում տարբեր աշխատանքներում: Երեխաներն աշխատում են սրճարաններում, հանրային սննդի և հացաբուլկեղենի արտադրամասերում, ավտոլվացման, առևտրի կետերում իրականացնելով տարաբնույթ աշխատանքներ, սպասարկման ծառայություններ, բեռների տեղափոխման, բարձման և այլ օժանդակ աշխատանքներ: Աշխատանքները իրականացվում է երեկոյան և գիշերային ժամերին:

Սննդի վերամշակման (պահածոների արտադրության), կիսաֆաբրիկատների արտադրություններում երեխաները կատարում են մթերքների, մրգերի պատրաստման, տեսակավորման, լվացման և այլ աշխատանքներ, որոնց ընթացքում շատ հաճախ օգտագործում են սուր, կտրող գործիքներ, որոնք կարող են վնասվածքների պատճառ հանդիսանալ: Ուստի անհրաժեշտ է պահպանել աշխատող երեխաների օրենսդրությամբ սահմանված երաշխիքները, հանձնարարվող աշխատանքը պետք է համապատասխանի նրանց տարիքային առանձնահատկություններին և պետք է միտված լինի կյանքի հմտությունների ձևավորմանն ու անձի ֆիզիկական, հոգեբանական, մտավոր ներդաշնակ զարգացմանը:

Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:

‹‹Երեխայի իրավունքների մասին›› ՀՀ օրենքի համաձայն՝ երեխային արգելվում է ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

Ելնելով երեխայի ֆիզիկական, հոգեբանական, մտավոր զարգացման անհրաժեշտությունից՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով երեխաների համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն՝ 14-ից մինչև 16 տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ. 16-ից մինչև 18 տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ:

Այսպես, մինչև 18 տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է օրական 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում տրվում է հանգստի համար լրացուցիչ ընդմիջում՝ նվազագույնը 30 րոպե։ Ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը 14-ից մինչև 16 տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 14 ժամից, իսկ 16-ից մինչև 18 տարեկան աշխատողների համար՝ 12 ժամից և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը: Մինչև 18 տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում է ոչ պակաս, քան 2 հանգստյան օր:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում մինչև տասնութ տարեկանանձանց ներգրավելն արգելվում է:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքով նախատեսված պահանջները՝ գործել բարեխիղճ և ողջամիտ։

Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել