Սահմանադրական դատարանում «ցուցակային գործեր» են եղել, ինչպեսև պատվերներ՝ հանրապետության նախագահի մակարդակով․ ՀՔԾ նյութեր են ուղարկվել

Սահմանադրական դատարանի նախկին անդամ, Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանը հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «ցուցակային գործեր» են ունեցել, պատվիրված գործեր՝ անգամ հանրապետության նախագահի մակարդակով։

Այս հայտարարությունների հիման վրա ԶԼՄ հրապարակումները դատախազությունից ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ քննարկման նպատակով: Այդ մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Կիմ Բալայանը ասուլիսի ժամանակ նշել էր․ «Ես պրակտիկորեն կարող եմ ասել, եթե դուք փաստաբանների, դատավորների, դատախազների հետ անկեղծ զրույց ունենաք, նրանք կասեն՝ եղել են նաև ցուցակային գործեր, ցուցակ, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի: Այդպիսի դեպք մենք ունեցել ենք: Հեղափոխությունից հետո հասարակությունը պատրաստ չի նաև ցնցումների: Ամբողջ դատական համակարգը կազմալուծվեց, երբ հանրապետության վարչապետն ասաց, որ ես չեմ միջամտելու դատական ֆունկցիաների իրականացմանը, ու ուղղակիորեն չգիտեին ինչ անեն, բա սովորել էին արդեն, որ միջամտություն պետք է լինի, որ իրենք կարողանան ընթացք տալ: Բայց հիմա ոչ իր վերադասն է ռիսկ անում ցուցում տալ, ոչ ՀՀ վարչապետն է տալիս, ի՞նչ անեն: Բարեբախտաբար, ադապտացիան բավականին շուտ սկսեց տեղի ունենալ, դատավորները սկսեցին ինքնուրույն որոշումներ կայացնել»։

Իսկ լրագրողների այն հարցին, թե Սահմանադրական դատարանը քանի՞ անգամ է նման զանգեր ստացել, կամ ճնշում գործադրվել, Բալայանն ասել է, առնվազն մամուլում եղած հրապարակումներից կարող եմ ասել, որ այո, նման դեպք եղել է: «Անձամբ, եթե խոսքը վերաբերում է իմ վրա ճնշում գործադրելուն, թե չէ, բայց մի անգամ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, հերթական հատուկ կարծիքս էր տվյալ գործով, ասացի՝ հատուկ կարծիք ունեմ որոշման հետ կապված, համաձայն չեմ տվյալ, ասաց՝ պարոն Բալայան, Սահմանադրական դատարանը կազմվել է 1996-ին, դուք ՍԴ եկել եք 2003թ-ից եք, բայց այս ընթացքում, մենակ դուք ավելի շատ հատուկ կարծիքներ եք գրել, քան ամբողջ ՍԴ անդամները միասին վերցրած: Ես իմ խղճի առաջ մաքուր եմ:

Եղել են ՍԴ որոշումներ, որոնց հետ սկզբունքորեն, կյանքի իրականությունից ելնելով, ես համաձայն չեմ եղել: Գուցե նաև ուրիշներին զանգեր եղել են, անձամբ ինձ չեն զանգել: Ինձ վրա էլ է, որ միջնորդավորված ՀՀ նախագահի անունից իմ վրա էլ են փորձել ճնշել՝ երկրորդ նախագահի ժամանակ էր: Կարող եմ հստակ ասել, անկախ հանձնաժողով էին ստեղծել, որը պետք է քննարկի, թե այս մարդը վաղակետ ազատման իրավունք ունի՞, թե՝ ոչ և հանձնաժողովը կայացնում էր որոշում, որից հետո Սահմանադրությամբ նախատեսված վաղակետ ազատման ինստիտուտը սկսում էր չգործել:

Ես դրան կատեգորիկ դեմ էի, ինձ մոտ եկավ ՀՀ նախագահի օգնականը՝ իրավական հարցերի գծով ասաց, որ սա պարոն Քոչարյանի միակ խնդրանքն է ձեզ: Ես ասացի, որ պարոն Քոչարյանը իրազեկված չէ, և այդպիսի որոշում է կայացրել։  Ասացի, ես պատրաստ եմ գալ, ցույց տալ այս օրենքի հակասահմանադրականությունը: Ի վերջո հանգեցինք նրան, որ ընդունվեց որոշում, որ հակասահմանադրական է, բայց այն մասով, որը՝ եթե հանձնաժողովն օրինական հիմքերով չէ այդ որոշումը կայացրել: Ես էլի հատուկ կարծիք ունեցա, որովհետև, եթե դու օրենքում չունես չափորոշիչներ, թե ինչի հիման վրա հանձնաժողովը պետք է մերծի կամ հավանությումն տա այդ նախագծին, ինչպե՞ս պետք է օրինական կամ ապօրինությունը որոշես այդ պաշտպաններով։ Փառք աստծո, այդ տեսակը պաշտպանեց նաև Եվրոպական դատարանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել