Կբացառվի տնտեսվարող սուբյեկտների կողմից կրկնակի ԱԱՀ գանձումը․ Ատոմ Ջանջուղազյան

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կկատարվի։ Այս մասին կառավարությունը որոշում ընդունել է այսօր՝ հերթական նիստի ժամանակ։

Գործադիրի անդամներին Ազգային ժողովի պատգամավորների առաջարկած օրենքի նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետի, շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշները բավարարող շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի օտարումը ազատվում է ԱԱՀ-ից:

Նշված հոդվածի պահանջից, ստացվում է, որ առեւտրային գործունեությամբ (մանրածախ և մեծածախ) զբաղվող կազմակերպությունների կողմից շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի օտարումը չի ազատվում ԱԱՀ-ից:

Այսինքն՝ առևտրային գործունեությամբ (մանրածախ և մեծածախ) զբաղվող կազմակերպությունները, եթե համապատասխան հարկային հաշիվներով, արտադրողներից ձեռք բերեն շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանքներ եւ օտարեն, ապա օտարված շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի արժեքից պետք է հաշվարկեն եւ վճարեն ԱԱՀ եւ դա այն պայմաններում, երբ նույն ձեռք բերված շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի արժեքից ԱԱՀ չեն կարող հաշվանցել, քանի որ շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողը, համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետի, դուրս գրված հարկային հաշվում տարայի արժեքից ԱԱՀ չի հաշվարկում: Ստացվում է, որ երկու ԱԱՀ վճարող կազմակերպություններից մեկը նույն ապրանքի իրացման արժեքից ԱԱՀ հաշվարկում է, իսկ մյուսը ոչ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթի պահանջին՝ այն է՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը պետք է հավասարապես կիրառվեն բոլոր հարկ վճարողների նկատմամբ եւ, որ ամենակարեւորն է, շրջանառելի՝ բազմակի օգտագործման նույն տարան ԱԱՀ-ով կրկնակի հարկվում է իր օգտագործման բոլոր փուլերում:

Նախագծի ընդունմամբ կբացառվի տնտեսվարող սուբյեկտների կողմից կրկնակի ԱԱՀ գանձումը, և որի արդյունքում կապահովվի շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանքների գների կայունություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել