Իրենք մտան զինանոց, ամեն մեկը մի երկու-երեք հատ զենք են վերցրել. «Սասնա ծռերի» գործով տուժող

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի  նստավայրում այսօր՝  հուլիսի 4–ին,  տեղի ունեցավ «Սասնա ծռեր»  զինված խմբի 11 անդամների՝  Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Մխիթար Ավետիսյանի, Վարուժան Ավետիսյանի, , Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և  Սերգեյ Կյուրեղյանի քրեական գործով հերթական դատական նիստը ՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։

Դատական նիստին ցուցմունք տալու համար ներկայացել էին տուժողներ Խաչատուր Մուրադյանը, Տիգրան Դանիելյանը, Արթուր Հարությունյանը, Վլադիմիր Սիրեկանյանը և Հովսեփ Սարգսյանը։

Տուժող Խաչատուր Մուրադյանը դատարանում ցուցմունք տվեց, որ 2016 թվականի հուլիսի 16-ին ժամը 8։30-ին  իր օգնական Գագիկ Մկրտչյանի հետ ընդունել է գնդի հերթապահությունը։

Ժամը 12-ի սահմաններում ինքը հանգստի սենյակում քնած է եղել, ուժեղ ձայնից քնից արթնացել է, միանգամից գնացել է  հերթապահ մաս, տեսախցիկով տեսնել է, որ հսկիչ անցագրային կետի (ՀԱԿ) դարպասն ընկած է գետնին, զանգել է ՀԱԿ, պատասխան չի ստացել, դուրս է եկել հերթապահ մասից և վազել ՀԱԿ-ի ուղղությամբ։

««Կռազ» մակնիշի ավտոմեքենայի սկզբնական մասը գնդի տարածքում էր, «Կռազի» կողքից զինված մարդիկ էին մտնում գնդի տարածք, մի քանի վայրկյան կանգնեցի և փորձեցի վազել հերթապահ մաս, որպեսզի գնամ և հրազեն վերցնեմ։ Իմ վազելու հետ մեկտեղ ձայն լսեցի՝ կանգնիր, թե չէ կկրակեմ, բայց ես վազում էի։ Մի քանի մետր վազելուց հետո թաքնվել եմ բակի արձանի հետևում»։

Տուժող Խ Մուրադյանի խոսքով, 2 հոգի մոտեցել են իրեն, որից մեկը Սեդրակ Նազարյանն է եղել և քաշելով, հարվածներ հասցնելով, սեռական բնույթի հայհոյանքներ տալով, տարել են հերթապահ մաս և պահանջել  բացել դուռը: Խաչատուր Մուրադյանն ասել է, որ դուռը միայն ներսից է բացվում։ Դուռը կրակելով և հարվածելով բացելուց հետո ԽՄուրադյանը տեսել է իր օգնական Գագիկ Մկրտչյանին որովայնի շրջանում  հրազենային վնասվածքով։ Ըստ տուժողի՝ իրեն թույլ չեն տվել օգնություն ցույց տալ ԳՄկրտչյանին։ Գնացել են զինանոց, ԽՄուրադյանին ստիպել են բացել դուռը, բայց վերջինս  հերթապահ մասից մի քանի այլ բանալիներ է բերել և ասել, որ չի կարողանում բացել այն։

«Պավել Մանուկյանը ասում էր՝ բացի դուռը մեկա բացվելու է, այդ ժամանակ ես լսեցի երկաթը երկաթին քսելու ձայն էր գալիս, հետո ասեցին բացվեց։ Իրենք մտան զինանոց, դե ես էլ իրենց հետ միասին։ Ամեն մեկը մի երկու-երեք հատ զենք են վերցրել»,- ասաց տուժողը։

Տուժողին հերթապահ մասից դուրս հանելուց հետո վերջինս վազել է դեպի Խորենացի փողոցի ուղղությամբ գտնվող բենզալցակայան զանգահարելու նպատակով և, այնտեղ տեսնելով առաջին հերթափոխի պարեկային ավտոմեքենաները և գնդի հրամանատար Խաչատուր Ավետիսյանին, տեղում ներկայացրել է կատարվածը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել