Արթուր Ասատրյանի 4 թիկնապահները ազատության մեջ են. Գեղամ Հակոբյան

Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո)  4 թիկնապահներ ազատության մեջ են: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ 72 ժամ ձերբակալվածի կարգավիճակում մնալուց հետո նրանք ազատ են արձակվել:

Հակոբյանը նաև նշեց, որ Արթուր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ դիմել են վերաքննիչ դատարան. «Կալանավորումը անհիմն ենք համարում, քանի որ դատարանի կողմից չի հիմնավորվել կալանավորման պատճառները: Նրանք նշում են քննությանը խոչընդոտելու և քննությունից խուսափելու հիմքերը, սակայն գործը 2017-ի մայիսից քննվում է և Արթուր Ասատրյանը ոչ մի անգամ չի խուսափել քննիչի մոտ հարցաքննության գնալուց»:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել