Ընտրվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահը

Հուլիսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջ կազմով հանդիպեց ՀՀ  վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին՝ քննարկելու վարչական արդարադատության զարգացմանն առնչվող հարցեր:

Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից։

Իր գործունեության տասը տարիների ընթացքում վարչական արդարադատությունը շոշափելի առաջընթաց գրանցելով հանդերձ ունի բազում չլուծված խնդիրներ, որոնց անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Համոզմունք հայտնվեց, որ վերաքննիչ դատարանները պետք է դառնան քաղաքականություն թելադրող դատարաններ, քանի որ հենց այս դատարաններ են այն միջին օղակը, որն ապահովում է արդարադատության իրացումը դատական եռաստիճան համակարգում:

ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանն իր հերթին առաջարկեց դատավորներին առավել ակտիվ և նախաձեռնող լինել օրենքների նախագծերի քննարկումներում՝ տրամադրելով իրենց դիրքորոշումները:

Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի կողմից հաստատող տեսակետ հնչեց, որ դատավորների և դատարանների անկախությունը վարչական արդարադատություն իրականացնող մարմնի համար չափազանց կարևոր հարց է, և իրենք ողջունում են Բարձրագույն դատական խորհրդի հետևողականությունը՝ բացառելու ցանկացած սուբյեկտիվ միջամտություն: Առանձնակի կարևորվեց նաև կոռուպցիոն երևույթների դրսևորումների վերացումը արդարադատության ոլորտում:

Դատավորների կողմից բարձրացված հարցերն առավելապես վերաբերում էին դատարանների նյութատեխնիկական ապահովմանն ու դատական ծառայությունն առավել գրավիչ դարձնելուն:

Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաև Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի ընտրություն:

Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

Հովսեփ Բեդևյան 5

Արա Բաբայան 3

Աշոտ Սարգսյան 1

Արման Թովմասյան 1

Լրացուցիչ քվեարկություն կազմակերպվեց երկու` առավել ձայներ ստացած թեկնածուների միջև։  Արձանագրվեց հետևյալ արդյունքը.

Հովսեփ Բեդևյան 9

Արա Բաբայան 1

ՀՀ  վերաքննիչ վարչական դատարանի նախագահ ընտրվեց Հովսեփ Բեդևյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել